Իջևանյան դեպքերի գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի

Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի։

10 անձ կալանավորվել է, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը․ - «Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունը, ինչպես նաև խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Ինչպես նաև մեղադրանք առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հարությունյանը նշեց նաև, որ վարույթն իրականացնող մարմինը ևս մեկ անձի ձերբակալման մասին որոշում է կայացրել՝ հավելելով, որ քրեական գործի շրջանակներում 11 անձ դեռ որոնվում է։

Հուլիսի 17-ին Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան - Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:

Իջևանում տեղի ունեցած բախման հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության: Վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով: Հիվանդանոց էր դիմել նաև երկու քաղաքացիական անձ:

Իջևան էին ժամանել Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինս հայտարարեց, թե բողոքի ակցիան ոչ թե ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք էր։

Արդյո՞ք այս հայտարարությունից հետո վարույթն իրականացնող մարմինը իրականացրել է գործողություններ: Քննչական կոմիտեից հայտնեցին հետևյալը․ - «Նախաքննական մարմինը յուրաքանչյուր դեպքով առաջ է քաշում բազմաթիվ վարկածներ և այդ վարկածները ստուգելու ուղղությամբ կատարում է նախաքննություն: Այո, նախաքննական մարմինը այդ ուղղությամբ ևս քննություն է կատարում, և քննության արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»:

Կալանավորված անձանցից մեկի՝ Վահրամ Սիմոնյանի մայրը պնդում է, թե կալանավորման որոշումն անօրինական է, իր որդին ցույցի մասնակից չի եղել․ - «Ինքը անտեղյակ: Գնացել ա շուկա, առևտրի: Մեքենան խցանվել ա էնտեղ: Եղել են իմ ամուսինը, իմ երկու տղաները: Նայել են հասարակությունը, թե ինչ ա կատարվում այստեղ: Խցանման պատճառով չեն կարողացել արդեն տեղաշարժվեն: Ստիպված սպասել են, հեռվից նայելուս են էղել»:

Վահրամ Սիմոնյանին առաջադրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու մեղադրանք: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանն ասում է, թե իր պաշտպանյալին կալանավորել են մեկ անձի ցուցմունքով․ - «Որևէ ապացույց, հիմք, խնդիր չկա, որ իմ պաշտպանյալը ոստիկանի է հարվածել: Ո՞ւր ա այդ ոստիկանը։ Տուժող չկա, ում որ հարվածել են: Ո՞նց կարելի է ինչ-որ անձ ասի, որ հարվածել է, բայց այդ գործով տուժողը չլինի: Սա պարզապես աբսուրդ է»:

Փաստաբանն ասաց, որ և՛ Սիմոնյանին, և՛ նրա հորն ու եղբորը բերման են ենթարկել տանից։ Եղբորը ևս մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Հայրը այս պահին կարգավիճակ չունի:

Ցույցի ելած իջևանցիների հիմնական պահանջը ապօրինի անտառահատումները շարունակելն էր: Իշխանությունները, սակայն, վճռական են դա թույլ չտալու հարցում:

Իջևանի անտառտնտեսության անտառապետ Վարդան Առուստամյանն ասում է, թե վերջին երկու շաբաթվա ընթացքում 70-80 խորանարդ մետր փայտ է առգրավվել։ Կկազմվեն անտառախախտման արձանագրություններ․ - «Առգրավված է տարբեր կառույցների կողմից, բնապահպանների կողմից, բաժնի կողմից ա առգրավված: Հիմնականում առգրավվել ա անհատներից, տնտեսվարող չկա: Եղել են անտառում կուտակված փայտեր, էդ են առգրավել, տեղափոխել»:

Միայն Տավուշի մարզում և միայն այս տարվա առաջին կիսամյակում ապօրինի ծառահատման 73 քրեական գործ է հարուցվել։ Վեց ամսվա ընթացքում բնությանը պատճառված վնասի չափը ապօրինի ծառահատումների դեպքերով 395 միլիոն 643 հազար 850 դրամ է։ 14 գործ հարուցվել է պաշտոնական լիազորությունների չարաշահման, անփութության ու կաշառք ստանալու հատկանիշներով։ Այս գործերով անցնում են հիմնականում անտառապահները։