Իջևանում երեկ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվել է 13 անձ: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ նրանք ձերբակալվել են մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը, տարբեր վնասվածքներ ստացած 11 ոստիկաններ դիմել են հիվանդանոց՝ բուժօգնության․ վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով: Հիվանդանոց է դիմել նաև մեկ քաղաքացիական անձ:
Ըստ Ահարոնյանի՝ Ոստիկանությանը պետ Վալերի Օսիպյանը երեկ գիշերվանից դեռ գտնվում է Իջևան քաղաքում:
Ճանապարհները բաց են: Այս պահին Իջևանում են Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, որոնք վերահսկում են իրավիճակը։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ Իջևանում տեղի ունեցած բախումների փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի՝ «խուլիգանություն, որը կատարվել է կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով», 316-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով», հատկանիշներով:
Գործը քննվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության (ՀԿԳ) գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: ՀԿԳ գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ կազմվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան:
«Այս պահին մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել Ոստիկանության Իջևանի բաժին, ինչպես նաև Երևանի ոստիկանության 6-րդ վարչություն: Քննիչները և ոստիկանները այս պահին ձեռնարկում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ակցիայի բոլոր մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ», - հինգշաբթի առավոտյան ասաց Հարությունյանը՝ ավելի ուշ փոխանցելով, որ ձերբակալվել է 13 անձ, ևս 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Իջևանում ոստիկաների և ցուցարների միջև տեղի ունեցած բախումներին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ - «Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ», - ասել է վարչապետը:
Փաշինյանը Ֆեյսբուքում նաև տեսանյութ է տարածել, որտեղ Իջևանում գտնվող ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնում Ոստիկանության զորքերին՝ երեկվա միջադեպի ժամանակ իրականացրած ծառայության համար:
Ոստիկանապետը անթույլատրելի է համարել բոլոր անօրինական գործողությունները՝ ուղղված հասարակական կարգի դեմ: «Հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ, բոլորը իրենց կատարած արարքի համար պետք է կրեն օրենքի նախատեսված պատիժը», - հայտարարել է Օսիպյանը: Նա նաև շնորհակալություն հայտնել ոստիկանության ծառայողներին իրականացրած ծառայության համար, ասելով, որ հպարտ է, որ ղեկավարում է այս կառույցը, որտեղ խիզախ, բարեխիղճ Ոստիկանության զորքերի ծառայողներ կան։
Երեկ Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը: