Քիչ առաջ Իջևանի կենտրոնական հրապարակից բերման ենթարկվեց ևս երկու քաղաքացի։ Ականատեսների վկայությամբ` նրանք երեկվա բողոքի ակցիայի մասնակիցներ էին, բայց որևէ հանցանքի չեն մասնակցել, այսօր էլ, ըստ ականատես քաղաքացիների, պարզապես նստած էին քաղաքի կենտրոնում։
Տավուշի մարզկենտրոնում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել։ Դիլիջանից Իջևան տանող ճանապարհահատվածում, ինչպես նաև քաղաքի ներսում կան մոտ 30-ից ավելի Երևանի երթուղային ավտոբուսներ, որոնք տեղափոխել են մեծ թվով ոստիկանական ուժեր։ Այստեղ է նաև Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով «Ազատությանն» ասաց, որ անօրինականությունները կանխելու և երեկվա բոլոր մեղավորներին հայտնաբերելու համար իրականացնելու են բոլոր իրավական գործողությունները։
«Մի մասը ձերբակալված է, մի մասի նկատմամբ աշխատանքներ են իրականացնում նրանց հայտնաբերման ուղղությամբ, որպեսզի անպատիժ որևէ մեկը չմնա», - նշեց Օսիպյանը։
«Ազատության» հարցին, թե նա անօրինակա՞ն է համարում նրանց պահանջները, ոստիկանապետը պատասխանեց. «Միանշանակ անօրինական եմ համարում, անօրինական փակել էին ճանապարհը, նշեմ, որ մի մասն էլ ոչ սթափ վիճակում էր այդ քաղաքացիների»։
Հարցին էլ՝ իսկապե՞ս անհրաժեշտությունը կար Երևանից բերված բազմաթիվ ոստիկանական ուժերի, Օսիպյանը արձագանքեց. «Որտեղ ոստիկան եք տեսնում, արխային եղեք, շատ ոստիկանից վնաս չկա»։
Երեկ ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքացիների հարազատները խումբ-խումբ հավաքված են մարզպետարանի հարակից հրապարակում և նշում են, որ տեղեկություններ չունեն ոստիկանությունում գտնվողների վերաբերյալ։
«Մենք ուզում ենք իմանանք՝ բռնված էրեխեքը ոնց են ու ինչ վիճակում են։ Նրանց լրիվ տարել են տկլոր վիճակում, առանց հագուստի։ Մեր կարծիքով, հոսանքը ընդհանուր անջատել են փողոցի ու ոստիկաններից, 100 տոկոս համոզված եմ, որ մեծամասնությունը փոխել է իր համազգեստը, մտել ժողովրդի մեջ ու հրահրել, իբր ժողովուրդն է կազմակերպել», - նշեց հավաքվածներից մեկը։
Իջևանցիները, որոնք երեկ բողոքում էին անտառահատումների սահմանափակումների դեմ, ասում են՝ շարունակելու են իրենց պայքարը, քանի դեռ աշխատատեղեր ու ապրելու այլ միջոցներ չունեն։
Իջևանի հիվանդանոցում երեկվա միջադեպի հետ կապված որևէ հիվանդ այս պահի դրությամբ չկա։
Այսօր Իջևան ժամանեց նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Ժամը 17-ին Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրված: