Այսօր օրվա երկրորդ կեսին Տավուշի մարզ ժամանեցին մեծաթիվ ոստիկանական խմբեր՝ մոտ հինգ տասնյակից ավելի ավտոբուսներով։
Առավոտյան ոստիկանների թիվը փոքր էր։ Նրանք հիմնականում տեղակայված էին քաղաքի կենտրոնական հատվածում։ Երևանի երթուղային ավտոբուսներով Իջևան տեղափոխված ոստիկանները կանգ առան Վրաստան տանող մայրուղում տարբեր հատվածներում, ինչպես նաև քաղաքի կենտրոն տանող կամրջի մոտ։
Այսօր Իջևանում չէին Հայաստանի ոստիկանապետը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ովքեր երեկ ամբողջ օրը վերահսկում էին իրավիճակը։ Նրանց մասնակցությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն։ Այսօրվա ընթացքում բողոքի ակցիաներ չեղան։ Անգամ քաղաքի կենտրոնում նախորդ օրերի նման հավաքված քաղաքացիներ չկային։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն առավոտյան լրագրողներին տված հարցազրույցում ասաց, որ իրավիճակը հանգիստ է, որևէ խուճապ չկա։
«Այո, այսօր շատ ավելի հանգիստ է Իջևանում և էդպես պետք է լինի հերթական ցանկացած օր», - նշեց մարզպետը։
Տավուշի մարզի մի քանի քաղաքացիներ, որոնց հարազատները ձերբակալվել են երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի պատճառով, անհանգիստ են։ Այսօր «Ազատության» հետ զրույցում ասացին, որ դեռևս որևէ տեղեկություն չունեն նրանց մասին։ Նրանք դարձյալ պնդում են, որ իրենց հարազատները որևէ առնչություն չունեն երկու օր առաջ բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ, որևէ անկարգություն չեն իրականացրել, և նրանց ապօրինի են ձերբակալել։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին պնդում է, որ մարզային իշխանություններն աջակցելու են իրավապահներին մարդկանց անօրինական մուտքը դեպի անտառ արգելելու համար։ Նա լրագրողներին ասաց, որ տարիներ շարունակ անտառի հաշվին անօրինական եկամուտներ ստացած մարդկանց նոր աշխատատեղեր են առաջարկել։ Ըստ մարզի ղեկավարի, Տավուշում այս պահին շուրջ 1000 թափուր աշխատատեղ կա ճանապարհաշինության, տեքստիլ արդյունաբերության, զինվորական և այլ ոլորտներում։ Ըստ մարզպետի, 168 թափուր տեղ կա միայն դպրոցներում։ Ամսական ամենացածր վարձատրությունն, ըստ մարզի ղեկավարի, 105 հազար դրամ է։
Թե ինչո՞ւ են թափուր մնացել այդ աշխատատեղերը գործազրկության բարձր մակարդակ ունեցող մարզում, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Առաջինը, բնականաբար, կոալիֆիակցիայի խնդիրն է, երկրորդը այն, որ տարիներ շարունակ շատ աշխատատեղեր սահմանափակ են եղել այդ մարդկանց համար։ Նույն դպրոցում ուսուցիչ աշխատելու համար տարիներ շարունակ աշխատել են կոռուպցիոն մեխանիզմներ և մարդիկ հավատը կորցրել են առ այն, որ իրենք կարող են ուղղակի դիմել աշխատելու և առանց ոչ մի բանի իրենց ընդունեն աշխատանքի։ Երրորդն այն է, որ իրականում երբեք հատուկ աշխատանք չի տարվել մարզի կտրվածքով տնտեսվարողների հետ այս ուղղությամբ»։
Իջևանում գործող սննդի կետերից մեկի հիմնադիր-տնօրեն Մարինե Չիբուխչյանը հաստատում է՝ տասնյակ աշխատողների կարիք ունեն, բայց մարդիկ չեն համաձայնում աշխատել։
«Էս պահին մենք լիքը աշխատատեղ ունենք, բայց ոչ մեկ չի գալիս աշխատի։ Աշխատավարձը շատ նորմալ, չկան մասնագետներ ոչ մի բնագավառում։ Ստից ասում են աշխատանք չկա, բայց սուտ է, աշխատանք կա, չկան մասնագետներ», - ասաց Չիբուխչյանը։
«Ազատության» հարցին, թե օրական աշխատավարձը ինչքա՞ն է, Չիբուխչյանը պատասխանեց. «Նայած։ Մարդ կա 5000 դրամ, 6000 դրամ, 3000 դրամ, նայած ինչ աշխատանք է կատարում»։
Վերջին օրերին մարզպետարանը կոնկրետ աշխատանքներ է առաջարկել անտառից փայտանյութ բերելու իրավունքի համար պայքարող քաղաքացիներին։ Մարզպետն ասաց՝ ոմանցից արդեն գրավոր դիմումներ են ստացել։ Բայց քիչ է համարում՝ երեկ ընդամենը 4 դիմում են ստացել տարիներ շարունակ անտառի հաշվին անօրինական գումար վաստակող մարդկանցից։
«Մենք ասել ենք, ժողովուրդ, մենք ունենք աշխատանք, դիմեք, թող ձեզ առաջարկեն, դուք հրաժարվեք։ Մենք չորս դիմում ենք ստացել», - ասաց մարզպետը։
Նախորդ երկու օրերին բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիներն ասում էին, թե առաջարկված աշխատատեղերով տուն չես պահի։
Մինչդեռ մարզպետ Հայկ Չոբանյանը շեշտում է, որ տավուշցիներից շատերը, ովքեր տարիներ շարունակ գերշահույթներ են ստացել անտառից, այսօր հրաժարվում են անգամ օրական 10 հազար դրամով աշխատել։
«Էսօր ես ունեմ աշխատող մարզպետարանում, որ օրական 5000 դրամ է ստանում, 4000 դրամ է ստանում։ Ի՞նչ, էս մարդիկ անարժանապատի՞վ մարդիկ են, էս մարդիկ արժանապատիվ մարդիկ են, ո՞նց են մյուսները ապրում։ Իրենք ուղղակի սովոր չեն արժանապատիվ, արդար ձևով ապրելու, իրենց թվում է, թե էս երկրում անընդհատ կարողանան օրենքը խախտել և գերշահույթ ստանալ, ո՛չ, չի լինելու։ Թույլ չենք տալու մենք դա», - ընդգծեց Չոբանյանը։