«Ազատություն»․ - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում է նաև Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Բաբայանի անունը: Բաբայանը վերջերս մի քրեական պատմության մեջ ընկավ: Նրան ձերբակալեցին, ապա գրավի դիմաց բաց թողեցին: Ինչո՞ւ եք Բաբայանին ընդգրկել ձեր ցուցակում:
Էնֆիաջյան․ - Ցուցակում ներգրավելու հանգամանքը պայմանավորված է քաղաքական խորհրդի որոշումով: Քաղաքական խորհուրդը ինչ որոշում որ կայացրել է, բոլորի համար դա եղել է պարտադիր պայման: Ձեր ասած հայտնի դեպքի հետ կապված նաև հայտնի պարզաբանումներ կան, որ էդ ամեն ինչը իրականության հետ կապ չի ունեցել, և պարոն Բաբայանը, բնականաբար, ազատության մեջ է: Եվ այն ապատեղեկատվությունը, որը նաև լրատվամիջոցներով տևական ժամանակ հոսեց, ևս ապատեղեկատվություն էր:
«Ազատություն»․ - Նա քաղաքակա՞ն դեմք է:
Էնֆիաջյան․ - Քաղաքական ընտրություններ են, և ժողովուրդն ա որոշում: Ժողովուրդը ընտրում ա իր համար քաղաքական գործիչների: Այսինքն, ո՞նց եք պատկերացնում, մարդ պետք է քաղաքական գործի՞չ լինի, որ մասնակցի ընտրություններին: Մարդը հայտ է ներկայացնում, և ժողովուրդն է որոշում: Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունի իրավունք ընտրելու և ընտրվելու, և դրանից է կախված՝ նա հետագայում քաղաքական գործունեություն կծավալի՞, թե՞ չի ծավալի:
«Ազատություն»․ - Բայց խորհրդարանական կառավարման կայացման համար անհրաժեշտ է, չէ՞, որպեսզի քաղաքական դեմքեր լինեն, քաղաքական մրցակցություն: Էդուարդ Բաբայանը քաղաքակա՞ն կերպար է:
Էնֆիաջյան․ - Խորհրդարանին անհրաժեշտ են լեգիտիմ պատգամավորներ: Մեր ցուցակում վատ դեմքեր չկան, մեր ցուցակում լավ դեմքեր են: Իսկ ով կգա խորհրդարան՝ դա որոշելու է մեր ժողովուրդը: