«Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:
Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր 3 օր առաջ։ Ոստիկանությունը, ապա Քննչական կոմիտեն հաղորդել էին, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:
Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։
Ոստիկանությունը նշում էր, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։
Քննչական մարմնից դեռ չեն պարզաբանում, թե արդյոք գործով որևէ կարգավիճակ ունի նաև Գագիկ Ծառուկյանը:
Էդուարդ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և պատրաստվում է բողոքարկել կալանավորման որոշումը, «Ազատությանը» փոխանցեց նրա շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը: Ըստ փաստաբանի՝ կալանքի որոշումն ակնհայտ ապօրինի է, քանի որ քննիչը չի ներկայացրել ապացույցներ, որ Բաբայանը ազատության մեջ կխուսափի կամ կխոչընդոտի քննությանը․ - «Իմ պաշտպանյալը ինքնակամ է ներկայացել՝ կամավոր: Անգամ ծանուցում չունենալով՝ ուղղակի տեղեկանալով, որ իրեն փնտրում են, գիշերվա ժամը 4-ին գնացել ներկայացել է»:
Խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր տեղի ունեցող զարգացումները գնահատել չցանկացավ՝ հույս հայտնելով, որ ամեն ինչ իրավական տիրությում է․ - «Տուժողը հստակ ներկայացրել է իր խոսքը, որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի և որևէ այլ անձի կողմից: Խնդրում եմ հիմք ընդունեք տուժողի հայտարարությունը»:
Հատուկ քննչական ծառայության այսօր հրապարակած հաղորդագրությունում ասվում է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել էր օժանդակել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն որդուն զինվորական ծառայությունից ազատելու հարցում:
Հուլիսի 2-ին, «Օլիմպավանում» բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո Հարությունովը մոտեցել է Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը, ինչից հետո, այլ դահլիճում որպես Ծառուկյանի օգնական հանդես եկող Էդուարդ Բաբայանը և նրա ուղեկցորդները խմբով հարվածներ են հասցրել Հարությունովին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ուշագրավ է, որ ի տարբերություն երեք օր առաջ Ոստիկանության տարածած տեղեկատվության, Հատուկ քննչական ծառայությունն այսօր իր հաղորդագրության մեջ Գագիկ Ծառուկյանի կողմից տուժողին հարվածելու դրվագի մասին ոչինչ չի նշում:
Միջադեպի հաջորդ օրը տուժող Վյաչեսլավ Հարությունովը Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությանն ասել էր, որ ինքը լավ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, որևէ բողոք չունի նրա դեմ՝ հաստատելով իր կնոջ կողմից մամուլում տարածված պնդումը, որ ինքը ոչ թե ծեծվել է, այլ պարզապես սայթաքել է ու վայր ընկել: Այս վարկածը իրական լինելը կասկածի տակ էր դրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
ՀՔԾ-ից էլ «Ազատության»-ը հայտնել էին, որ նույնիսկ եթե տուժողը բողոք չունի՝ գործն այդ հիմքով չի կարճվելու, քանի որ այն հարուցված է առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով:
«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կալանավորված Էդուարդ Բաբայանին այսօր, որպես դրական անձ գնահատեց․ - «Բաբայան Էդուարդին գիտեմ որպես զուսպ մարդ: Ընդհանրապես՝ մարզիկները զուսպ են»:
Ոստիկանությունը նաև հաղորդել էր, որ ըստ ծեծված տուժողի՝ միջադեպին ներկա էր գտնվել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, վերջինս, սակայն հերքել էր՝ պնդելով, որ ոչինչ չի տեսել: