Համայնքապետարանի աշխատակիցը պնդում է, թե համայնքի ղեկավարի ազգականներն ահաբեկում են իրեն

Անիի համայնքապետարանի աշխատակից Տանյա Մարգարյան

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Անիի համայնքապետարանում պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։

Շիրակի մարզի բնակիչ Տանյա Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ 2008-ից մինչև 2016 թվականը Անիի համայնքապետարանում աշխատելով որպես մաքրուհի՝ չի հաշվառվել որպես աշխատող, իր աշխատավարձի վճարման բանկային քարտից գումարն ինքն անձամբ չի կանխիկացրել, դա արել է համայնքապետի տեղակալը: Ասում է, որ իրեն պետք է վճարեին 70 հազար դրամից ավելի աշխատավարձ, սակայն ստացել է միայն 25 հազարը, 3000-ական դրամ էլ պահել են, ինչպես նրան են բացատրել, կենսաթոշակային ֆոնդի համար:

«Մեզ ասել էին, որ պիտի ստանանք 75 հազար, բայց երբ ստանում էինք էդ գումարը, գրած էր՝ 30 հազար, 25 հազար։ Տատանողական գումարներ էին։ Ու մենք ասում էինք, թե չհասկացանք՝ ո՞նց եղավ 75-ը հազարը դառավ 25 հազար, որից իրանք 3 հազար ձեռքիցդ վերցնում են, թե՝ էսի գրում ենք թոշակի ֆոնդ․․․»

Տանյա Մարգարյանը պնդում է, որ ինքը և համայնքապետարանի մի քանի այլ աշխատակիցներ նաև ասֆալտապատել են Մարալիկի փողոցների փոսերը, սակայն դրա դիմաց չեն վճարվել․ - «Մենք արել ենք ոչ թե միայն հավաքարարությունը, այլ փոս ենք փորել, ծառ ենք տնկել, ամբողջ սանմաքրումը ձեռքով հավաքել ենք․․․ քլունգով պատրաստել ենք փոսեր, որը վերևից ասֆալտը բահելով լցել ենք մենենայի վրից ասֆալտի անցքերի մեջ ու կատոկով տարել-բերել ենք, արել ենք»:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ամիսներ շարունակ համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Վերջերս այնտեղ էր նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որը երեկ կառավարության նիստից հետո հայտարարեց, որ Անիում հայտնաբերված չարաշահումները կներկայացնի գործադիրի հաջորդ նիստին:

69-ամյա Տանյա Մարգարյանը պատմեց, որ նախքան բողոքի ակցիաները, նա մի քանի անգամ դիմել է համայնքապետ Արտակ Գևորգյանին՝ պահանջելով իր իրական աշխատավարձը։ Սակայն, ըստ կնոջ պնդումների, ենթարկվել է բազմաթիվ ճնշումների Արտակ Գևորգյանի ազգականների կողմից։ Վախերի պատճառով երկու շաբաթից ավելի է, ինչ հեռացել է Գյումրիից:

«Իրա մոտիկ մարդիկ ավտոյով երկու երիտասարդ մեքենայով վրա եկան։ Ասել են՝ քյաֆթառ քեզ էս մեքենայի տակ կկոխեմ, վերջը դու մեռնելու ես էս մեքենայի տակ․․․ իրա քեռու տղեքը։ Արտակ Գևորգյանի քեռու տղերքը», - պատմեց կինը ու վրդովված շարունակեց․ - «Դուք գնում եք իմ հաշվիս գումար եք ստանում, ես ձեզնից պահանջում եմ գումարիս պատասխանը, ոչ պատասխանում եք, ոչ էլ ինձ մարդու տեղ եք դնում, ավտոյի տակ եք քշում, մասկեքով եք գալիս վրա, ինքը ինձ դաժը ասել ա՝ պեպելնիցեն քյալիդ մեջը կգա, թող գնա»։

Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը հարուցված քրեական գործի մասին լսել է միայն մամուլից, և ասում է, թե «դրանք ընդամենը բամբասանքներ են»:

Նա նաև զրպարտություն որակեց Տանյա Մարգարյանի պնդումները, թե աշխատավարձի զգալի մասը պահվել է, իսկ բանկային քարտն էլ անձամբ տնօրինելու իրավունք չի ունեցել․ - «Դա բացառված է, նման բան չէր կարող լինել: Էս պահին փորձում են տվյալ կնոջը այլ կողմերից ներգրավվածություն ապահովեն․․․ Բնական է, որ մենք էլ մեր ապացույցները կփորձենք ներկայացնել։

Համայնքի ղեկավարն իր ազգականների կողմից 69-ամյա Տանյա Մարգարյանի նկատմամբ ճնշումներ իրականացնելը ևս զրպարտություն և հերյուրանք համարեց․ - «Մեր ընտանիքում և մեր հարազատական շրջանակներում նման կարգի դրսևորումներ ընդհանրապես չեն եղել և չէի կարող լինել»։

14 տարի համայնքը ղեկավարած Արտակ Գևորգյանը, խոսելով հրաժարական տալու մասին, ասաց, որ այս պահին շարունակում է կատարել իր աշխատանքը։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրին՝ այս գործով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։