Մատչելիության հղումներ

ՊՎԾ աշխատակիցները ստուգումներ են սկսել Անիի համայնքապետարանում


Անիի համայնքապետարանի դուռը 15 օր փակ մնալուց հետո այսօր առաջին անգամ բացվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցների դիմաց:

Համայնքապետարանում ստուգումներ անցկացնելու պահանջով հանդես էին եկել խոշորացված համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող անեցիները՝ պնդելով, որ նա մի շարք չարաշահումներ է թույլ տվել:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անցած ուրբաթ էր այցելել Անի ու հայտարարել երկուշաբթի օրվանից մեկնարկող ուսունասիրությունների մասին:

Ասել էր, որ արդյունքները կներկայացնեն վարչապետին․ - «Մեր կառույցը դիրքորոշում ներկայացնում է վարչապետին, որ կա էս, էս, էս հանցագործությունը, չարաշահումները, անարդյունավետ ծախսերը և այլն: Վարչապետի հանձնարարականով դա ներկայացնում ենք իրավապահ մարմիններին․․․ և իրենք իրենց գործն են իրականացնում»:

Այսօր Պետական վերահսկողական ծառայության 5 աշխատակից, ծառայության պետի խորհրդական Գուրգեն Օհանյանի ղեկավարությամբ, արդեն սկսեցին ուսումնասիրությունները:

«Ուսումնասիրությունը բացված է ավելի երկար ժամանակահատվածի համար՝ մոտ 2010 թվականից ի վեր», - փոխանցեց Օհանյանը: - «Հիմնականում բյուջետային հայտի համար ելակետային տվյալ հանդիսացած տեղեկատվության ուսումնասիրությունն է»:

Ուսումնասիրությունները մեկ ամիս կտևեն: Համյանքապետարանից բացի, ծառայությունն ուսունասիրություններ կիրականացնի նաև Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում:

Օհանյանն ասաց, որ լսելու է նաև բողոքող անեցիներին․ - «Ես համայնքի ղեկավարի հետ հանդիպմանը ներկայացրեցի, որ ուսումնասիրությունը բացված է՝ քաղաքացիների դիմումներին, բողոքներին անսալով: Այսինքն իրենց տեսակետն ու դիրքորոշումը կամ բարձրացրած խնդիրները, իհարկե, մեր կողմից հաշվի են առնվելու»:

Ինչ վերաբերում է 14 տարի համայնքը ղեկավարած Արտակ Գևորգյանի ունեցվածքի ուսունասիրությանը, ապա Օհանյանն ասաց, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում, դրանով զբաղվելու է Էթիկայի հանձնաժողովը, որտեղ հայանքապետը հայտարարագիր է ներկայացրել:

Նշենք, որ Գևորգյանը կտրականապես հերքում է իր հասցեին հնչեցված մեղադրանքները և հայտարարում, որ մի քանի հոգու պահանջով հրաժարական չի ներկայացնելու:

Հիմա երբ պահանջներից մեկը բավարարված է, արդյո՞ք անեցիները կդադարեցնեն բողոքի ակցիաները մինչև ստուգումների ավարտը:

«Իհարկե ոչ», - «Ազատությանն» ասաց բողոքավորներից մեկը: - «Եթե ստուգող հանձնաժողովը իր գործը լավ անի, ավելի լավ: Իսկ եթե ստուգումները լինեն ապարդյուն, լավ ստուգումներ տեղի չունենան, բնականաբար, կշարունակենք մեր պայքարը»:

Համայնքապետարանի շենքի վրա ավելացել են պաստառները․ հայտնվել են նաև Հանրապետական կուսակցության տարբեր ընտրութունների ժամանակ բաժանված կրքնշաններով մի պիջակ: Գլխավոր պահանջը մնում է օրակարգում՝ Արտակ Գևորգյանի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG