Արդեն երկուսուկես ամիս է, ինչ Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են:
Անի (Մարալիկ) համայնքում այսօր ժամը 9-ից փակեցին համայնքապետարանի մուտքը: Ըստ ցուցարարների` 72 ժամ շարունակ փակ են պահելու համայնքապետարանի մուտքը, նրանք պահանջում են 14 տարի համայնքը ղեկավարած հանրապետական Արտակ Գևորգյանի հրաժարականը, օրակարգում միայն այդ հարցն է:
Հավաքվածները դժգոհ են համայնքապետի աշխատանքից: Արտակ Գևորգյանը, մինչդեռ, պնդում է, որ նրանք «աթոռակռիվ» են անում, և հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել ցուցարարների պահանջները: Համայնքապետարանի աշխատանքը վերականգնելու համար նա դիմել է իրավապահ մարմիններին:
«Հրաժարականն այն մոտեցումը չէ, որ մի քանի ներկայացուցիչներ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալու մեխանիզմով իրենց համար հող հարթել աթոռին հավակնելու: Դա ժողովրդի աթոռն է, և ժողովուրդը տվել է իր վստահությունը: Աշխատել եմ և շարունակելու եմ աշխատել՝ ծառայելով Անի համայնքին: Հրաժարական չի լինելու», - ասում է Արտակ Գևորգյանը:
Հավաքվածները բանակցությունները սպառված են համարում՝ նշելով, թե իրենք բանակցելու որևէ բան չունեն: Հրաժարական չտալու դեպքում կդիմեն ավելի կոշտ և կտրուկ բողոքի ակցիաների:
«Խնդիրը ոչ թե Հանրապետականի կամ այլ կուսակցության մեջ է, այլ այն, որ 14 տարիների ընթացքում մարդը չի հասկացել՝ խնդիրը իր մեջ է», - հայտարարեց ցուցարարներից մեկը: