Մատչելիության հղումներ

Մարալիկում կրքերը չեն հանդարտվում


Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում արդեն մի քանի օր է հանրահավաքներ են` մեկ գործող համայնքապետի հրաժարականի պահանջով, մեկ՝ ի պաշտպանություն նրա:

Այսօր բացօթյա ասուլիս հրավիրած մարալիկցիներին միացել էին նաև հարևան խոշորացված համայնքների ներկայացուցիչները՝ պահանջելով այժմ Անի կոչվող խոշորացված համայնքի ղեկավար, հանրապետական Արտակ Գևորգյանի հրաժարականը:

Վերջինս արդեն 14 տարի է ղեկավարում է Մարալիկը, և մի քանի ամիս առաջ տեղի ունեցած խոշորացումից հետո՝ ևս 16 համայնք:

Հավաքվածները իրար հերթ չտալով համայնքապետին մեղադրեցին թալանի ու կոռուպցիայի մեջ՝ ասելով, որ 14 տարի Մարալիկում Գևորգյանների կլանն է իշխել:

«Հայաստանում հեղափոխություն է եղել, բայց էս մեր համայնքում չի եղել, որովհետև նույն թալանչիք մնացել են», - «Ազատությանն» ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

«Չենք ուզում շարունակի, քանի որ էստեղ իրանց կլանն է», - հավելեց մեկ այլ ցուցարար:

Երրորդն ասաց․ - «Մարալիք քաղաքն ուներ չորս մանկապարտեղ, էսօր ունի մի մանկապարտեզ: Մանկապարտեղներից մեկը գործող քաղաքապետի առանձնատունն է, բնակարանը, մյուսը նախկին փոխքաղաքապետի անասնագոմն է»:

Արդյո՞ք պատրաստվում է հավաքվածների պահանջով հրաժարական տալ Արտակ Գևորգյանը:

Արտակ Գևորգյան․ - «Չի եղել օրակարգում ընդհանրապես հրաժարականի թեմա: Չկա և չի կարող գոյություն ունենալ, քանի որ սա ժողովրդի իշխանությունն է»:

Գևորգյանը կտրուկ հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները: Հակառակը, պնդում է, որ հավքավածներից մի քանիսն են ժամանակին համայնքային միջոցները թալանել․ - «Որտե՞ղ է Մարալիկի կոմունալը, որտե՞ղ է կոմունալի ունեցվածքը, որի 34 տոկոսը, երբ ժամանակին ՏԻՄ-ը ձևավորվեց, սեփականաշնորհեցին իրենք․․․ որտե՞ղ է երկրորդ կոմունալի էն 10 միլիոն կարողությունը, որ ուղղակիորեն փոշիացրեցին»:

Մարալիցիներից մեկը համայնքապետից լավ ապրելու բանաձևն էր պահանջում ու ասում՝ եթե Գևորգյանը դրանով չի կիսվում, ուրեմն պետք է հրաժարական տա․ - «Ինքը 150 հազար դրամ աշխատավարձով կարողանում է 40 հազար դոլարանոց «Լեքսուս» մեքենա գնել, ու էդ գաղտնիքը ինձ չի ասում: Ես 250 եմ ստանում, բայց չեմ կարում առնեմ»:

Համայնքապետը չկիսվեց իր այսպես ասած հաջողության բանաձևով: Հավաքվածները պահանջում են նաև, որ աուդիտ իրականացվի, նույնիսկ որ ԱԱԾ-ն զբաղվի համայնքի չարաշահումների բացահայտումով:

Ակցիայի մասնակցիները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարել և հասնելու են հանրապետական համայանքապետի հրաժարականին:

Թավշյա հեղափոխությունից հետո Շիրակի մարզում Անին առաջին համայնքն է, որտեղ պահանջում են համայնքապետի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG