Նրա խոսքով՝ վարչապետի հրաժարականից բացի, տարբերակ է նաև սահմանադրական փոփոխությունը, որով կնախատեսվի խորհրդարանի ինքնալուծարման հնարավորություն: Սահմանադրության փոփոխությունը, անգամ եթե դրանից առաջ հանրաքվե անցկացվի, կախված է խորհրդարանի երկու երրորդի կամքից, իսկ հոկտեմբերի 2-ի քվեարկությունը, ըստ Բաղդասարյանի, ցույց տվեց, որ Ազգային ժողովը հակված չէ ինքնալուծարման․ - «Ակնհայտ է, որ իրենք էդ քայլին չեն գնում: Այսինքն, տարբերակ չի մնացել վարչապետին, քան հայտարարի հրաժարականի մասին»:
Հանրաքվեով, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, հնարավոր չէ հասնել խորհրդարանի լուծարման․ - «Ազգային ժողովը հանրաքվեով չի լուծվում: Դա փոփոխում ենք Սահմանադրության մի հոդված: Փոփոխելուց հետո ևս Ազգային ժողովի համաձայնությունն ա պետք՝ այսօրվա ՀՀԿ-ի համաձայնությունն ա պետք, որպեսզի իրանք լուծարվեն: Եթե իրանք չեն տալիս համաձայնություն, հանրաքվեն դառնում ա անիմաստ գործողություն»:
Դա, ըստ իրավաբանի, հնարավոր է անել պլեբիսցիտի, ինչը, սակայն, սահմանադրական տարբերակ չէ, և լեգիտիմության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել․ - «Իսկ պլեբիսցիտի խնդիր մենք ունենք, որովհետև անգամ դրական անցնելու դեպքում կարող է միջազգային հանրությունը դա չճանաչի»:
Ինչո՞ւ է կարևոր արտահերթ ընտրությունները հնարավորինս արագ անցկացնել: Ըստ Բաղդասարյանի, Սահմանադրությունը վարչապետին մեկ տարվա անձեռնմխելություն է տալիս, այսինքն ընտրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խորհրդարանը իրավունք չունի անվստահություն հայտնել վարչապետին: Մեկ տարի անց, այսինքն արդեն հաջորդ տարվա մայիսին Ազգային ժողովը կարող է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել եւ նոր վարչապետ ընտրել:
Բաղդասարյանն ընդունում է, որ կա վտանգ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում Ազգային ժողովի խմբակցություններն այլ թեկնածու առաջադրեն, սակայն նաև նկատում է, որ հոկտեմբերի 2-ի հանրահավաքը զգաստացրեց քաղաքական ուժերին և քիչ հավանական է, որ նրանք այդ քայլին գնան․ - «Ռիսկերը բոլորի դեպքում կա: Կասեք՝ հրաժարական տալուց հետո որոշակի ժամկետ անց իրանք կարող են նոր մարդ առաջադրեն, պայմանական ասեմ՝ նախկին նախագահներից մեկին, և այդ իրավիճակում կփոխվի քաղաքական իրավիճակ: Բայց հասկացեք՝ մնացածի դեպքում նույն ռիսկերը կան: Կարծում եմ, որ իրանք խելամտություն կցուցաբերեն և կհասկանան, որ եթե առաջադրեն, այդ օրը միևնույն է Ազգային ժողովի նիստ չեն գումարելու և դրանից հետո էդ առաջադրված թեկնածուն ուղղակի օդի մեջ է մնալու»:
Կա ևս մեկ խնդիր․ հոկտեմբերի 2-ի երեկոյան արտահերթ նիստում ընդունված օրինագիծը եթե օրենք դառնա, ապա հնարավոր կլինի խորհրդարանը չլուծարել անգամ այն դեպքում, եթե երկշաբաթյա ժամկետում երկու անգամ վարչապետի ընտրությունը տապալվի:
Հանրապետականի, «Ծառուկյան» դաշինքի և Դաշնակցության առաջարկած փոփոխությունը թույլ է տալիս նիստը ընդհատված համարել, եթե, օրինակ, ցույցերի պատճառով պատգամավորները հնարավորություն չեն ունեցել դահլիճ հասնել, և այն վերսկսել, երբ խոչընդոտը հաղթահարվի:
67 քվեով ընդունված այս օրինագիծը օրենք կդառնա, եթե նախագահ Արմեն Սարգսյանն այն ստորագրի: Օրենքը ստորագրելու համար նա 21 օր ունի: Չստորագրելու դեպքում այն պետք է ուղարկվի սահմանադրական դատարան քննության: Այստեղ արդեն քննությունը կարող է տևել մինչև երեք ամիս:
Ըստ փաստաբան Վահե Գրիգորյանի, եթե սահմանադրականության հետ խնդիր չկա, աօրինագիծը կուղարկվի նախագահին: Եթե հնգօրյա ժամկետում նախագահը դարձյալ չստորագրի, ապա օրենքը կարող է ստորագրել Ազգային ժողովի նախագահը դարձյալ հնգօրյա ժամկետում:
Նախագահ Արմեն Սարգսյանն այժմ Նյու Յորքում է: Ըստ նախագահականի տարածած հայտարարության, այդ օրինագծին նա կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:
Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, քիչ հավանական է համարում, որ Արմեն Սարգսյանը կստորագրի օրենքը․ - «Չի կարող նախագահը ստորագրել մի օրենք՝ հասկանալով, որ դրանով դուրս ա գալիս ամբողջ իր ժողովրդի դեմ»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ևս կարծում է, որ նախագահ Սարգսյանը դժվար թե ստորագրի խորհրդարանի լուծարումը խոչընդոտող օրինագիծը:
Բադալյանի խոսքով, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած գիշերային քվեարկությունը խորացրեց այն ջրբաժանը, որ կար մի կողմից Նիկոլ Փաշինյանի, մյուս կողմից՝ հեղափոխությանը վերջին պահին սատարած և կառավարության մաս կազմած Դաշնակության ու ԲՀԿ-ի միջև: Սակայն ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ միասնությունը, որ դրսևորվեց քվեարկության ընթացքում դժվար պահպանվի արտահերթ ընտրությւոնների ժամանակ։
«Կարծում եմ, խորքային առումով էս ուժերը, նույնիսկ միմյանց հետ ինչ-որ քայլեր անելով, այդուհանդերձ մտածելու են նաև հասարակության առաջ ռեաբիլիտացվելու համար իքս պահին միմյանց զոհելու տարբերակների մասին», - նշեց Բադալյանը:
Նա կարծում է, որ թեև կա տեսական վտանգ, որ խորհրդարանի խմբակցությունները կարող են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրել, սակայն գործնականում դժվար թե նման արկածախնդրության գնան․ - «Չի կարելի հասարակության հետ էդ աստիճան ցինիկ և երեսպաշտ վերաբերվել: Եթե արվի նման փորձ, ապա այդ քաղաքական ուժերը այլևս ընդհանրապես Հայաստանում նույնիսկ ցուցանակի իմաստով կարող են գոյություն չունենալ: Ես չեմ կարծում, որ էդ մարդիկ իրականության հետ կապը ամբողջությամբ կորցրել են»: