Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցությունում նույնպես դեմ են ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու՝ Փաշինյանի առաջարկին


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան, արխիվ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան, արխիվ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունում նույնպես դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին:

Խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով ևս գիշերը մասնակցել է վարչապետի հետ խորհրդարանում տեղի ունեցած հանդիպմանը, այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք ողջամիտ են համարում ընտրությունները անցկացնել հաջորդ տարի՝ մինչև հունիս:

«Այդ առաջարկը արվել է նաև մեր կողմից, բայց վարչապետը պնդեց, որ ընտրությունները անցկացվեն դեկտեմբեր ամսին: Այս առումով չկայացավ կոնկրետ համաձայնություն», - ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Պետրոսյանի փոխանցմամբ, եթե վարչապետը համաձայներ 2019-ի մայիսին-հունիսին անցկացնել ընտրությունները, իրենց կողմից քննարկվում էր վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու հնարավորությունը: Սակայն Փաշինյանը չի համաձայնել այդ տարբերակին:

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ ընդունեց վիճահարույց փոփոխությունները Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, որոնց կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Փաշինյանի կոչով մարդկանց մեծ բազմություն հավաքվեց Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ, ապա վարչապետը խորհրդարանում հանդիպեց քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանրահավաքում ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն պաշտոններից, ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագրերը:

Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո էլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի պատրաստվում իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրել:

Հանրապետական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը, մինչդեռ, այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ ՀՀԿ-ն վարչապետին առաջարկել է արտահերթ ընտրությունները եկող տարվա մայիսին, ինչը Նիկոլ Փաշինյանը մերժել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG