Դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք հետևյալը՝ որ վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն, և եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն՝ ընտրություններ տեղի չեն ունենա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները տեղի կունենան»:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխությանն ուղղված քայլերը, Փաշինյանի համոզմամբ, միտումնավոր են արվում:
«Ես կարծում եմ, որ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ նեգատիվ առումով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և կարծես թե ոչ միայն Հայաստանի հանրապետական կուսակցությունը ցույց են տվել հերթական անգամ, որ իրենք լավ չեն, ճիշտ չեն գնահատում Հայաստանում հաստատված ներքաղաքական իրավիճակը, և այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետևանքների, և ես այդ կապակցությամբ պատրաստվում եմ անել շատ կարևոր հայտարարություն», - ասաց վարչապետը:
«Հիմա, եթե հարց էր գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում կա հակահեղափոխություն, և հակահեղափոխություն են բոլոր նրանք՝ անհատապես և քաղաքական ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, այո, ես պաշտոնապես ասում եմ՝ ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է և ինքը ցանկանում է, որ կոռուպցիան, կոռուպցիոն համակարգը հասնի ռևանշի իշխանության նկատմամբ, և մենք, բնականաբար, դա թույլ չենք տալու», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանդիպել է նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ ու նրան ներկայացրել ընտրությունների անցկացման հարցով իր դիրքորոշումը: