Դատախազությունը ընթացք է տվել Իոաննիսյանի հրապարակած ձայնագրությանը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել:

Ձայնագրությունում Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ի ղեկավար Իոաննիսյանը բացատրություն է պահանջում իրենց կազմակերպության դիտորդից ԲՀԿ-ի նախընտրական ֆլեշմոբին մասնակցելու համար:

Վերջինս պարզաբանում է, թե ԲՀԿ-ի անդամ չէ, որևէ ուժի չի հարում, պարզապես ընկերուհու առաջարկով որոշակի գումարի դիմաց համաձայնել է մասնակցել նախընտրական քարոզարշավին․ - «Իմ ընկերուհին ուղղակի ինձ որպես ծանոթ տարել է ըդեղ․․․ Բարգավաճի անունից, բայց իմ ընկերուհին ա ինձ վճարել»:

Այս ձայնագրության մասին Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր ընտրությունների նախօրեին՝ լռության օրը «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսին: Նա և իրապաշտպան Արթուր Սաքունցը ասուլիս էին հրավիրել իրենց արձանագրած ընտրախախտումների մասին հանրությանն իրազեկելու նպատակով: Երբ Իոաննիսյանը հայտարարել էր, որ հավաստի ապացույցներ են ձեռք բերել՝ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է, ասուլիսի սրահ էին ներխուժել ԲՀԿ-ական ակտիվիստներ՝ այդ թվում ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, և նրանց մեղադրել զրպարտության համար:

Ձայնագրության հրապարակումից հետո պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նախ պարզաբանում է, թե որոշակի գումար վճարվել է մասնակիցներին այլ նպատակով․ - «Նախ կուսակցության կողմից որպես այդպիսին վճարման ինչ-որ գործընթաց տեղի չի ունեցել։ Դա նրանց գործընկերների միջև, նրանց սնունդի հետ կապված և տրանսպորտի հետ կապված վճարում ա եղել: Ընդ որում, այդ հայտնի ձայնագրությունում զավեշտի հասնող մի փաստ կա․ տվյալ անձնավորությունը չի բնակվում մայրաքաղաք Երևանում, և, որքանով որ ես տեղյակ եմ, տվյալ անձը տեղյակ էլ չի եղել, որ նրանց ձայնագրում են, ինչը գիտեք, որ օրենքի հետ կապված կոպիտ խախտում է»:

Այդուհանդերձ, ԲՀԿ փոխնախագահը վստահեցնում է, թե կուսակցությունը որևէ մեկին գումար չի տվել հավաքներին մասնակցելու համար: Իսկ այդ հրապարկումն այլ նպատակն ունի, և դրա մեղավորներն անպատիժ չեն մնա․ - «Որևիցե հակաօրինական գործողություն և գործունեություն մենք կամ մեր թիմի որևէ ներկայացուցիչ չի իրականացրել: Էն մարդիկ, ովքեր փորձում են ստվերել մեր քաղաքական թիմի գործունեությունը, ես ձեզ ասում եմ՝ տվյալ անձինք օրենքի առջև պատասխան են տալու»:

Քաղաքական ուժի նախընտրական ֆլեշմոբին գումարով մարդկանց ներկայությունը ապահովելը հանցակազմ պարունակում է, թե ոչ, պարզ կդառնա քննության ավարտից հետո: Գլխավոր դատախազությունը ձայնագրությունը և կից հրապարակումն արդեն ուղարկել է ոստիկանություն, որ նյութեր նախապատարստվեն:

Իսկ մինչ այդ Դանիել Իոաննիսյանը համզոված է, որ ձայնագրությունը պետք է հրապարակվեր, որպեսզի հանրությունը իրազեկված լինի, թե որ քաղաքական ուժն ինչ ռեսուրսների կիրառմամբ է մարդկանց մասնակցությունն ապահովում իր քաղաքական միջոցառումներին․ - Շատ կարևոր է հանրության տեղեկացված լինելու իրավունքի տեսանկյունից: Այսինքն մարդիկ պետք է իմանան՝ ում հանրահավաքներին են մարդիկ գալիս իրենք իրենցով, իսկ ում հանրահավաքներին մարդիկ գալիս փողով կամ վարչական ռեսուրսի չարաշահմամբ և այլն»:

Այս ձայնագրության դեմ ԲՀԿ-ն որևէ քայլ չի ձեռնարկել, Վահե Էնֆիաջյանն ասաց՝ սպասում են իրավապահների գնահատականին:

Մինչդեռ «Մեդիա» կենտրոնում ԲՀԿ-ի գումար բաժանելու փաստերի առկայության մասին հայտարարությունների համար ԲՀԿ-ն Դանիել Իոաննիսյանի դեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում էր ներկայացրել, որ նա հակաքարոզչություն է իրականացրել: Այդ դիմումն ավելի ուշ ԿԸՀ-ն մերժեց:

Այդ օրվա դեպքերի վերաբերյալ դեռևս ընթացքում է Արթուր Սաքունցի դիմումը: Իրավապաշտպանը իրենց նկատմամաբ ԲՀԿ-ականների գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: