Մատչելիության հղումներ

ԿԸՀ֊ն մերժեց «Բարգավաճ Հայաստանի» դիմում֊բողոքը ընդդեմ Դանիել Իոաննիսյանի


Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմում-բողոքը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դեմ: Կուսակցությունը պահանջել էր դիմել դատարան՝ Իոաննիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով:

Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հրապարակել էր իրենց ունեցած տեղեկությունները, ըստ որոնց մի քանի կուսակցություններ, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանը», ընտրակաշառք են բաժանել: Նշել էր նաև, որ ԲՀԿ-ն գումար է բաժանել նախընտրական ֆլեշմոբի մասնակիցներին:

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը երեկ ԿՀԸ-ի քննարկման ժամանակ նշել էր, որ սա քարոզչություն է իրենց կուսակցության դեմ: Մինչդեռ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նշում էր, որ ընդամենը տեղեկություն են հաղորդել ընտրողներին և քարոզչության միտում չեն ունեցել:

Երեկվա քննարկումից հետո, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ չեն կարող դիմել վարչական դատարան, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի հստակեցնում «քարոզչության և տեղեկատվության սահմանները»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովի որոշումից հետո, անգամ, կուսակցությունը կարող է դիմել վարչական դատարան, մինչդեռ ԲՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանն ասաց, որ դեռ որոշում չեն կայացրել՝ դատարան դիմել-չդիմելու մասին, թեև «ապօրինի են համարում» ԿԸՀ այսօրվա որոշումը և պնդում՝ Իոաննիսյանը հակաքարոզչություն է արել իրենց դեմ:

«Այսօրվա դրությամբ ցանկացած գումար բաժանելու խնդիրը, սուտ է, թե ճիշտ՝ կարևոր չէ, կարևորը՝ եթե հայտարարվում է, դա բացասական երևույթ է, ուրեմն ապատեղեկատվություն էր, որը ուղղված էր մեր դեմ», ֊ լրագրողների հետ զրույցում պնդեց Մանուկյանը:

ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Ոսկանյանն էլ համոզված է՝ այդ հայտարարություններն ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ ֊ «Դա իր ազդեցությունն էր ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Թե ինչ չափով՝ մենք չենք կարող չափել»:

ԿԸՀ նիստից հետո Անկախ դիտորդի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ շարունակում է պնդել, որ իրենք որևէ կուսակցության դեմ քարոզչության միտում չեն ունեցել: Շեշտեց, որ ասուլիսի ընթացքում նշվել են նաև այլ կուսակցությունների անուններ, որոնց կողմից ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգեր են ստացել նախընտրական շրջանում: Թե ինչու են հատկապես ընտրությունների նախօրեին հրապարակել կուսակցությունների կողմից գումար բաժանելու մասին իրենց տեղեկությունները, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ ֊ «Երբ բացահայտեցինք, այդ ժամանակ հրապարակեցինք: Եվ սա է դիտորդական առաքելության աշխատանքի սկզբունքը: Մենք տեսնում ենք խնդիր՝ մենք դա բարձրաձայնում ենք»:

Նշենք, որ երեկ երեկոյան «Անկախ դիտորդ» դաշինքը համացանցում հրապարակել է նաև մի հեռախոսազրույց, որտեղ դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի զրուցակիցը հաստատում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ստացած գումարի դիմաց նախընտրական հանրահավաքի ժամանակ ֆլեշ֊մոբի է մասնակցել:

Կազմակերպությունը ձայնագրությունն արդեն տրամադրել է իրավապահներին: Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց, որ այստեղ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, բայց իրավախախտումներ կան: Կուսակցությունը գումար տվել՝ առանց քաղաքացու հետ պայմանագիր կնքելու և հարկեր վճարելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG