Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն նյութեր է նախապատրաստում Դանիել Իոաննիսյանին դատի տալու համար


Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նյութեր է նախապատրաստում «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանին դատի տալու համար:

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ընտրության օրը հայտարարել էր, թե Դանիել Իոաննիսյանն ու մյուս դիտորդները, լռության օրը ԲՀԿ-ի հակաքարոզչություն են իրականացրել․ - «Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ: Մենք իրավական դաշտում հետամուտ ենք լինելու»:

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց, թե այն, որ լռության օրն ասուլիս են հրավիրել ու խոսել ոչ միայն ԲՀԿ-ի խախտումների մասին, հակաքարոզչություն չէ, այլ տեղեկատվոթւյան տրամադրում․ - «Օբյեկտիվ փաստեր հայտնելը, կամ դիտորդության արդյունքները հայտնելը այս կամ այն ուժի օգտին և դեմ, որևիցե կերպ քարոզչություն չէ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց իրավաբանը նյութեր է հավաքագրում վարչական դատարան դիմելու համար՝ Իոաննիսյանի գործողություններին իրավական գնահատական տալու պահանջով:

Ընտրությունների նախորդ օրը «Անկախ դիտորդ» դաշինքի անդամների հրավիրված ասուլիսի ընթացքում սրահ էին մտել «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները՝ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, ու, դիտորդների պնդմամբ՝ խոչընդոտել են իրենց ասուլիսը:

Անդրադառնալով այս միջադեպին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել էր․ - «Տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում: Հրավիրվեց ասուլիսը Դանիել Իոաննիսյանի կողմից, ով, ի դեպ, հստակ շահերի բախում ունի, որովհետև կառավարությունում Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի քարտուղարն է»:

Իոաննիսյանն ասաց՝ եթե իրենք այդ օրը քննադատեին ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, ապա դա իրապես հակաքարոզ կլիներ․ - «Մենք ընդամենը ասեցինք, որ մենք արձանագրել ենք, որ մենք ունենք հավաստի ապացույցներ, որպեսզի պնդենք, որ «Բարգավաճ Հայաստանը» դրա նախորդ օրը երեկոյան փող է բաժանել ակցիայի որոշակի մասնակիցների: Սա ո՛չ քարոզչություն է, ո՛չ հակաքարոզչություն է: Սա տեղեկատվության տրամադրում է: Չի կարող տեղեկատվության տրամադրումը քարոզչություն լինել, որովհետև եթե տեղեկատվության տրամադրումը դառնում է քարոզչություն, զանգվածային լրատվության բոլոր միջոցները դառնում են քարոզչամիջոց»:

Ընտրությունների հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել էր, որ լռության օրն իրեն զանգահարել է Նաիրա Զոհրաբյանն ու հայտնել «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի մասին։ Սակայն մինչև քաղաքապետի թեկնածուի զանգը իրենք արդեն տեղեկացել էին ու փորձել Դանիել Իոաննիսյանն ևս մեկ անգամ հիշեցնել լռության օրվա պահանջների մասին, բայց
կապ հաստատել չի հաջողվել:

ԿԸՀ-ից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ բողոքին ընթացք չի տրվել: Զոհրաբյանն ասել էր, թե Իոաննիսյանը վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն է, և այդ օրը որպես դիտորդ ներկայանալը շահերի բախում է:

Իոաննիսյանը հակադարձեց, թե իրենք պատրաստ են իրավական դաշտում ապացուցել, որ հակաքարոզչություն չեն արել և որ ինքը շահերի բախում չունի․ - «Նախ, իշխանությունից փող չեմ ստանում: Ես չեմ կազմակերպում ընտրությունները, այսինքն ես ազատ եմ ասելու՝ ընտրությունները լավ անցան, թե վատ անցան: Անկախ այդ գնահատակից, չկա մի ուրիշ շահ, որը կարող ա կասկածի տակ դնի իմ այս ընտրությունների վերաբերյալ օբյեկտիվ գնահատական տալու շահը: Ես կառավարությանը ոչինչ պարտք չեմ, կառավարությունը ինձ աշխատավարձ, որևէ արտոնություն չի տվել»:

XS
SM
MD
LG