Մատչելիության հղումներ

ԿԸՀ֊ն քննարկեց «Բարգավաճ Հայաստանի» դիմում֊բողոքը՝ քարոզչության կանոնների խախտման կապակցությամբ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի դիմում-բողոքը «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ:

Դիմումում նշված է, որ Երևան քաղաքի ավագանու քվեարկության նախորդող օրը Մեդիա կենտրոնում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները, այդ թվում Կառավարությանն առընթեր ընտրական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը քվեարկության նախորդ օրը ասուլիս կազմակերպելով՝ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները հակաքարոզչություն են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Մասնավորապես՝ հայտարարություններ են արել այն մասին, որ ահազանգեր են ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ, թեև նշել են, որ այդ զանգերից որևէ մեկը չի ապացուցվել: Բացի այդ, ըստ դիմումի, ասուլիսի ընթացքում հայտարարվել է, որ նույն կուսակցության կողմից գումար է բաժանվել ֆլեշմոբի մասնակիցներին, որի համար վերջիններս առնվազն պետք է հարկվեին:

«Անկախ դիտորդի» դաշինքի տեսակետը ԿԸՀ-ում ներկայացնող Դանիել Իոաննիսյանը, ի պատասխան այս մեղադրանքների, պնդեց, որ ասուլիսի ընթացքում տրվել են նաև այլ կուսակցությունների անուններ բացասական առումով և շարունակեց․ - «Ենթադրենք քվեարկության նախորդ օրը թեկնածուն մարդ է սպանում և այդ մասին գրում են, որ՝ այս թեկնածուն մարդ սպանեց: Հիմա դա հակաքարոզչությո՞ւն է: Իհարկե՝ ոչ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը հակադարձեց․ - «Քարոզարշավի ընթացքում կային ահազանգեր, երբ որ հայտարարում էին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ինչ֊որ գումար էին առաջարկել և այլն: Ոստիկանությունը՝ ինքը, զերծ էր մնում, որպեսզի կոնկրետ նշի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ասում էր՝ մենք մեր պարզաբանումները կներկայացնենք ընտրություններից հետո: Դուք չե՞ք գտնում, որ այստեղ միտում կա»:

Իոաննիսյանը, մինչդեռ, չհամաձայնեց՝ պնդելով, որ որպես դիտորդ պարտավոր էր ընտրողներին տեղյակ պահել ԲՀԿ-ի վերաբերյալ ստացված ահազանգերի մասին ու հավելեց․ - «Անգամ եթե այս գործընթացի սահմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմի դատարան և դատարանը համարի, որ իրոք վարչական իրավախախտում է եղել և դատարանը ինձ տուգանի, հաջորդ անգամ ևս ես ինձ թույլ չեմ տա հասարակությունից գաղտնի պահել, թե որ կուսակցությունն է միտինգին մասնակցելու համար փող բաժանել և դա չի կարող հանրությունից գաղտնի պահվել»:

Կողմերի փաստարկները լսելուց հետո Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը կկայացնի որոշում՝ դիմել վարչական դատարան Իոաննիսյանին պատասխանատվության ենթարկելու հայցով, թե՝ մերժել ԲՀԿ դիմումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG