«Ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն»․ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայաստանյան իշխանություններին մեղադրել է «անզուսպ պոպուլիզմի» և պետական կառավարման մեխանիզմի «թյուրըմբռնման» մեջ։

Անդրադառնալով Հանրապետության հրապարակը որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին հռչակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Քոչարյանը դա սահմանադրությանը հակասող է որակել։

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում անզուսպ պոպուլիզմ է, որի հետևանքները դեռ երկար ժամանակ զսպելու են երկրի զարգացումը», ֊ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ ֊ «Սա միայն փորձի բացակայության խնդիր չէ, սա պետական կառավարման մեխանիզմի, իշխանության ճյուղերի տարանջատման, գործադիր և օրենսդիր իշխանությունների և նրանց հարաբերությունների տոտալ թույըմբռնման հարց է»։

Նախկին նախագահը նաև անդրադարձել է իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը և պատասխանելով լրագրողի հարցին՝ կուսակցությունով է ուզում վերադառնալ, թե՞ կոալիցիայով, պատասխանել է․ ֊ «Հարցը դեռ բաց է, բայց ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները»:

Սերժ Սարգսյանը «չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր»

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք վերլուծել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառները, Քոչարյանը արձագանքել է․ - «Վերլուծել եմ: Կարծում եմ նա [Սերժ Սարգսյանը] չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր: Ես ժամանակին հանդես եմ եկել այդ փոփոխությունների քննադատությամբ: Եվ, իհարկե, նա չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ իր աթոռից նստելով վարչապետի աթոռին»:

«Քաղաքական վենդետա»

Քոչարյանը կրկին խոսել է իր նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին և պնդել՝ այսօր իշխանության են եկել մարդիկ, ովքեր տասը տարի առաջ՝ 2008-ի մարտի 1-2-ին, զանգվածային անկարգություններ են կազմակերպել, որոնց հետևանքով 10 մարդ է զոհվել:

«Հենց այդ պատճառով էլ ես խոսում եմ քաղաքական վենդետայի մասին», - հայտարարել է Քոչարյանը: - «Այսինքն, տասը տարի անց իշխանության են եկել մարդիկ, ովքեր այն ժամանակ պարտվեցին ընտրություններում, և հիմա նրանց մտքում, թերևս այն է, թե ինչպես հաշիվներ մաքրել այն մարդկանց հետ, ում իրենք համարում են թշնամիներ»: