Ազգային ժողովի նախագահը խորը մտահոգություն է հայտնել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խստորեն քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են», ֊ հայտարարել է Ազգային ժողովի հանրապետական նախագահ Արա Բաբլոյանը։ ֊ «Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում», ֊ նշել է նա։
Բաբլոյանը, մասնավորապես, հղում է կատարել օգոստոսի 17֊ի հանրահավաքում վարչապետ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներից մեկին՝ «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք», և կարծիք հայտնել, որ դա «ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ»։
ԱԺ նախագահը նաև հայտարարել է, որ դատավորների հասցեին «մատ թափ տալն» ու այլախոհներին Ազգային ավտանգության ծառայությամբ սպառնալը, «ոչ միայն ճնշում է դատական իշխանության, այլև առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ»։
Արա Բաբլոյանը վարչապետի խոսքում նշմարել է ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ։ ֊ « Մասնավորապես, գործադիր իշխանության ղեկավարի կողմից «Խելքներդ գլուխներդ հավաքեք» դիմելաձևը դատավորներին պարզապես սպառնալիք է դատական իշխանության անկախությանը, միջամտություն է բոլոր ընթացիկ և հետագայում հարուցվելիք դատական քննություններին, որոշումներին: «Անցումային արդարադատության» թեզի ներքո ներկայացվեց օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ», ֊ փաստում է ԱԺ նախագահը:
Արա Բաբոլյանը նաև անդրադարձել է սահմանափրական փոփոխություններ իրականացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով. ֊ «Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որևէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում և պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ: Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների և որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում»:
Ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Ազգային ժողովի նախագահը նախատեսում է հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։
«Հավատարիմ մնալով իր սահմանադրական առաքելությանը` հավաստում եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները», ֊ նաև հայտարարել է ԱԺ նախագահը։