Նոր Հայաստանում հաջողության բանաձևը ոչ թե իշխանության հետ կապերն են և ընտրությունների ժամանակ նրանց ծառայելը, ինչպես նախկինում, այլ՝ կրթությունը, արհեստավարժությունը և աշխատանքը, երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր գլխավորած կառավարության տնտեսական ռազմավարությունը։
Փաշինյանն ընդգծեց՝ կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն։
«Մենք պետք է իսկապես դադարենք խրախուսել աղքատությունը։ Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն։ Կառավարությունը վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն», - ասել է վարչապետը՝ ներկայացնելով այս ուղղությամբ կառավարության քայլերը։
«Մենք շատ ակտիվորեն քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելը և բավականին մեծ աշխատանք է կատարված։ Հիմա ես կարող եմ ասել մի բան, որ մենք կգնանք հարկային համակարգի պարզեցման և մենք կգնանք եկամտահարկի իջեցման՝ եկամտահարկը որոշակիորեն կիջնի։ Ես հիմա չեմ ուզում շատ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև այսօր մի քանի սցենարներ կան, թե մենք որ սցենարներով պետք է առաջնորդվենք, ես ուղղակի հստակ ասում եմ, որ եկամտահարկի իջեցում ենք ունենալու և Հարկային օրենսգրքում լրջագույն փոփոխություններ ենք ունենալու։ Լրջագույն փոփոխություններ ենք ունենալու նաև պետական գնումների օրենսդրության մեջ, լրջագույն փոփոխություններ ենք ունենալու հանրային կառավարման համակարգում՝ շատ լուրջ բարեփոխումներ մենք պետք է այդտեղ իրականացնենք։ Ըստ էության, բոլորս գիտենք, որ մեր հանրային կառավարման համակարգն ուռճացված է և ոչ էֆեկտիվ», - հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը նշեց՝ կանոնները բոլորի համար լինելու են նույնը՝ «աշխատում ենք օրինական դաշտում և աշխատում ենք ազնիվ»։
«Աշխատանքի քաջալերման առումով ուզում եմ խոսել հաջողության նոր բանաձևի մասին։ Նախ ո՞րն է հաջողության հին բանաձևը՝ Հայաստանի Հանրապետությունում հաջողության հին բանաձևը հետևյալն է՝ եթե դու ուզում ես ունենաս հաջողություն, դու պետք է իշխանական հովանավոր ունենաս, դու պետք է լավ ծանոթ ունենաս, դու պետք է ընտրություններում ծառայություններ մատուցած լինես իշխանությանը և այդպես շարունակ, իսկ հաջողության նոր բանաձևը հետևյալն է՝ ոչ թե ծանոթ, այլ կրթություն և սեփական պրոֆեսիոնալ և ինտելեկտուալ մակարդակի բարձրացում։ Կանոնները բոլորի համար լինելու են նույնը, էդ կանոնի իմաստը հետևյալն է՝ աշխատում ենք օրինական դաշտում և աշխատում ենք ազնիվ», - ասաց վարչապետը:
«Միկրոբիզնեսի և արտադրանք թողարկող ընկերությունների նկատմամբ պետք է իրականացվի մեղմ վարչարարություն»
Միկրոբիզնեսի և արտադրանք թողարկող ընկերությունների նկատմամբ պետք է իրականացվի մեղմ վարչարարություն, երեկ ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա և՛ իր, և՛ կառավարության մոտեցումն է։
«Ի դեպ ուզում եմ ասել, որ Հարկային օրենսգրքում կլինի ևս մի այսպիսի կարևոր փոփոխություն, որն աջակցություն է փոքր բիզնեսին։ Մենք միկրոբիզնեսի համար, օրինակ, տարեկան մինչև 24 միլիոնի շրջանառություն ունեցող բիզնեսի համար, կսահմանենք, ըստ էության սիմվոլիկա՝ փաստացի դա համարյա կլինի հարկի բացակայություն, խոսքը շրջանառության հարկի մասին է։ Այսինքն միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում, ինչը հնարավորություն կտա, հույս ունեմ, որ նրանք միկրոբիզնեսից ավելի մեծանան», - ասաց վարչապետը։