Հանրապետականներն ու Ռոբերտ Քոչարյանն այսօր միավորվում են՝ մարդկանց հարստահարելու, ապօրինի արտոնությունները պահպանելու և խուսափելու՝ գործած հանցագործությունների համար պատասխան տալուց՝ այսօր «Ազատությանը» տված հարցազրուցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Հանրապետականների այս ոգևորությունը՝ Քոչարյանի ակտիվության կապակցությամբ, նույնպես ցույց է տալիս, որ նրանց բաժանել պետք չէ, իրենք, եթե անգամ հակասություններ ունեցել են, այսօր միավորվում են՝ պետությունը իրենց ձեռքը պահելու նպատակի շուրջ, ընդ որում՝ միայն մեկ հեռանկարով, որ կարողանան պահպանել իրենց արտոնությունները և հնարավորությունները՝ հարստահարելու մարդկանց», ֊ կարծիք հայտնեց Կոնգրեսի փոխնախագահը: ֊ «Նաև ինքնապաշտպանական բնազդն է դեր խաղում, որովհետև իրենք հասկանում են, որ այդ գործած հանցագործությունների համար նրանք պետք է պատասխան տան»:
Ըստ Լևոն Զուրաբյանի բացարձականապես անհիմն են Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, թե իր դեմ քաղաքական հալածանք է սկսվել․ ֊ «Նախ, եթե ինքը ասում է, որ հալածանքներ են սկսվել իր նկատմամբ, որովհետև ինքը ցանկանում էր քաղաքականությամբ զբաղվել, փաստերը ցույց են տալիս լրիվ հակառակը: Նա քաղաքականությամբ չէր զբաղվում, և հիմա սկսել է քաղաքականության մասին մտածել ուղիղ այն պահից հետո, երբ իրավապահ մարմինները սկսել են հետաքննել նրա գործունեությունը: Այստեղ պատճառահետևանքային կապը նա լրիվ շուռ է տալիս հակառակ ուղղությամբ: Էլ չասած, որ մեղադրանքը լրիվ հիմնավորված է: Բոլոր նորմալ իրավաբանները արդեն այդ մասին արտահայտվում են աներկբա, որ նա տապալել է սահմանադրական կարգը, իսկ դա ծանր հանցագործություն է, որի համար հասնում է կալանավորում»: