Փաշինյանը Հանրապետության հրապարակը հռչակեց որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած բազմամարդ հանրահավաքում «հեղափոխական Հանրապետության հրապարակը» հռչակեց երկրի բարձրագույն և միակ իշխանություն` միևնույն ժամանակ ներկայացնելով ժողովրդի աջակցությամբ առաջիկայում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու իր տեսլականը։

«Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն և Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավական կառավրման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն», ֊ հայտարարեց Փաշինյանը՝ պնդելով, թե Հայաստանում չկա կոալիցիա, չկա կոալիցիոն իշխանություն, չկա խորհրդարանական մեծամասնություն։

Սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին...

«Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին», ֊ հավելեց նա, հայտարարելով, որ իր կառավարությունը՝ «ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին»։

Սահմանադրական փոփոխություններ

Վարչապետը բարձրաձայնեց նաև երկրում սահմանադրական իրականացնելու անհրաժեշտության մասին՝ դա պայմանավորվելով առկա ներքաղաքական իրավիճակով։

Փաշինյանը, ով խոստացել է հնարավորինս սեղմ ժամկետներում խորհրդարանական ընտրություններ անցկացնել, փաստեց, որ գործող սահմանադրությամբ՝ իր այս խոստումը իրականացնելու համար պետք է հրաժարական ներկայացնի, իսկ խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում նախկին իշխանություններին ներկայացնող հանրապետականները, պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։

Նախօրեին պաշտոնաթող նախագահ, 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, իսկ արդեն այսօր Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդաուրդ Շարմազանովը, առայժմ միայն որպես սեփական կարծիք, նշեց, թե չի բացառում համագործակցությունը Քոչարյանի հետ։

Առանց կոնկրետ անուն նշելու՝ Փաշինյանն ակնարկեց, որ իր հրաժարականի դեպքում խորհրդարանը կարող է «թաքուն ուրիշ վարչապետ ընտրել»։

Հիմա նրանք սկսել են մտածել հետևյալը. ասում են՝ դե թողնենք հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, ասենք, օրինակ՝ չասեմ ում, էլի ...

«Նախ ես ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ ինչ է կատարվում Հայաստանում, բայց քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում, մենք կանենք հետևյալը՝ մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանը ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին։ Եվ ուրեմն, այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ Ազգային ժողովը և դա տեղի կունենա միայն մի պայմանում, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ դա ձևակերպեք որպես ձեր կողմից հստակ պահանջ։ Երբ որ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում», ֊ հայտարարեց Փաշինյանը՝ առանց հստակեցնելու կոնկրետ ժամկետներ կամ այս առնչությամբ իր կատարելիք հետագա քայլերը։

Մարտի 1

Իր ծավալուն ելույթում Փաշինյանը անդրադարձավ նաև «Մարտի 1»֊ի աղմկահարույց գործին՝ հայտարարելով, թե այն բացահայտված է։

Չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից ...

«Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Եվ այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը՝ իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է», - պնդեց վարչապետը՝ շարունակելով. ֊ «Եվ, էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել այս հղումով »»»