Մատչելիության հղումներ

Որոշ ուժեր շահարկում են Քոչարյանի գործը՝ վարչապետի վրա ճնշում գործադրելու և նոր ԱԺ-ում հայտնվելու համար․ Վերլուծաբան


Նիկոլ Փաշինյանը Տավուշում, 10-ը օգոստոսի, 2018 թ․
Նիկոլ Փաշինյանը Տավուշում, 10-ը օգոստոսի, 2018 թ․

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ որոշ քաղաքական ուժեր ցանկանում են օգտագործել Ռոբերտ Քոչարյանի գործը՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընտրություններից առաջ ճնշում գործադրելու և գործարք պարտադրելու համար՝ նպատակ ունենալով հայտնվել Ազգային ժողովում: Անդրադառնալով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-միջև ընթացող հեռակա բանավեճին, նման կարծիք հյատնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

«Ազատության» հետ զրույցում քաղաքագետը մանրամասնեց․ «Շատ քաղաքական ուժեր կամ գրեթե բոլոր ուժերը, մեծ հաշվով, ընտրական գործընթացի տակ շարունակում են պատկերացնել իշխանության հետ գործարքը՝ հենց իշխանությանը տեսնելով որպես խորհրդարանում իրենց հայտնվելու երաշխիք: Իսկ խորհրդարանում հայտնվելու խնդիր ունեն գրեթե բոլոր ուժերը, բացառությամբ մեկ-երկուսի: Կոնկրետ, օրինակ, ՀՅԴ-ն ունի անցողիկ շեմի խնդիր»:

Շաբաթ օրը աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Փաշինյանն արձագանքել էր իր գլխավորած կառավարությանը մաս կազմող Դաշնակցության՝ հուլիսի վերջին արած հայտարարությանը, որում, ըստ էության, քաղաքական էր որակվել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: «Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում»,- Տավուշում հայտարարել էր վարչապետը:

Մինչդեռ, ՀՅԴ-ն չսահմանափակվեց միայն հուլիսյան հայտարարությամբ: Շաբաթ օրը, երբ Փաշինյանը դեռ Տավուշի մարզում էր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ճեպազրույցի ընթացքում ասաց․ «Մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի և հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն, և որովհետև չէինք ուզում, որ սխալվեն, տեսակետ ենք հայտնում։ Հակառակը, կարծես, մտքի տեռոր է, ոնց որ մտքի տեռոր է տեղի ունենում երկրում։ Այսինքն՝ մտահոգվելու իրավունք է՞լ չունենք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք»:

Ի պատասխան «Ազատության» խնդրանքին՝ մեկնաբանել այդ հայտարարությունը, Փաշինյանն ասել էր․ «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի մտահոգվելու իրավունք»:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, վերջերս ի հայտ եկած՝ Փաշինյան-ՀՅԴ հակասություններն իրականում խիստ ժամանակավոր են և կարող են տևել մինչև խորհրդարանական ընտրությունները: «Ժամանակավորապես իրար հետ ստիպված համագործակցում են: Կոնկրետ գործի վերաբերյալ ունեն տարբեր մոտեցումներ, բայց, հաշվի առնելով, որ ստիպված են համագործակցել, այդ պատճառով համագործակցում են: Սա ժամանակավոր երևույթ է, որն իր հանգուցալուծումը կունենա խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց Արմեն Բադալյանը:

Նա քիչ հավանական համարեց, որ ներկայումս Դաշնակցությունը նպատակ ունի ներքաղաքական հարցերում համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ․ «Երկրորդ նախագահը դեռևս ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալել: Երբ նման գործունեություն կիրականացնի, այդ ժամանակ կարելի է արդեն դիտարկել այդ հարցը»:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնհատամամբ, հայաստանյան ներքին քաղաքականությունում ամենահավանական սցենարը «թավշյա հեաղափոխության թիմի» հաղթանակն է գալիք խորհրդարանական ընտրություններում: «Հակահեղափոխության մասին խոսակցությունները, կարծում եմ, առավելապես քարոզչական-տեղեկատվական տիրույթում են, որոնք անհրաժեշտ են այդ [հակահեղափոխականների] թիմին՝ իրենց համակիրների մոբիլիզացիան մշտապես ապահովելու համար, բայց, ինչպես նշեցի, սա Նիկոլ Փաշինյանի հանդեպ ճնշման փորձ է: Փաշինյանին փորձում են ցույց տալ՝ եթե դու մենակ մնաս, մեր աջակցությունը չլինի, հակահեղափոխությունը կուժեղանա, Քոչարյանը, տես, հիմա մոբիլիզացիա է իրականցնում և այլն: Այս փորձերն ակնհայտ են, բայց Տավուշում դրանք կանխարգելող պատասխանը տրվեց: Դա այն էր, որ իշխանությունն ամենևին չունի այդ ծառայությունների անհրաժեշտությունը»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG