«Եթե Ռոբերտ Քոչարյանը չդատապարտվի Սահմանադրության ակնհայտ խախտումների համար, մենք երբևէ չենք ունենա օրենքի երկիր Հայաստան», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ, Քոչարյանի բանտ նստելու հարցը Հայաստանի ապագայի կառուցման հարցն է, դա դաս է քաղաքական վերնախավին, ապագա կառավարիչներին։
«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դադարել է քաղաքական մարդ լինել, այն պահից հետո, երբ որ հոկտեմբերի 27-ի այդ սպանությունները եղան և ինքն իր գլխավորությամբ ստեղծեց կոռուպցիոն համակարգը Հայաստանում, այն, ինչ-որ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչել էր ավազակապետական համակարգ։ Այդ պահից նա դադարել է քաղաքական գործիչ լինել, նա ուղղակի օգտագործել է պետական լծակներն ինքն իրեն հարստացնելու համար։ Երբ որ հրաժարական է տվել, էլի շարունակել է զբաղվել միայն բիզնեսով և հարստանալու խնդիրն է միայն իրեն հետաքրքրել։ Հիմա էլ հետաքրքրում է սեփական ազատությունը, անվտանգությունը և իր հաստության փրկությունը։ Եթե ինքը մտնի քաղաքականության մեջ, ինքը մտնելու է միայն այդ նպատակով, ինքը ոչ մի պետական մտածողության տեր չի, նա այն մարդն է, որը, եկեք հիշենք, կեղծված տեղեկանքով ստացավ հնարավորություն մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին՝ չունենալով տասը տարվա քաղաքացիություն, ստացավ կեղծված տեղեկանք։ Ես ինչի համար եմ սա ասում, ցույց տալու համար, որ Սահմանադրության նկատմամբ անարգանքը Ռոբերտ Քոչարյանի մեջ նստած է եղել ի սկզբանե», - ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահը նշեց՝ մարդն, ով անարգում է Սահմանադրությունը, նա շատ հանգիստ դիմում է նաև մարդասպանության՝ սեփական իշխանությունը պահելու համար։
«Սահմանադրության նկատմամբ անարգանքը դա նաև անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ։ «Մարտի 1»-ի սպանությունները դա էլ են վկայում, որ մարդը ով անարգում է Սահմանադրությունը, նա շատ հանգիստ դիմում է նաև մարդասպանության սեփական իշխանությունը պահելու համար, էլ չենք խոսում, որ դա այն մարդն է, որ որոշ տվյալներով 4 միլիարդ դոլարի կարողություն է կուտակել, ընդ որում, այն ժամանակ, երբ որ պետական պաշտոնյա է եղել, կյանքում ուրիշ բանով չի զբաղվել, բայց կարողացել է կուտակել նման կարողություն, որը հիմա ասում են անգամ բազմապատկվել է, լուրջ հրապարակումներ կան դրա մասին։ Հիմա պատկերացրեք նման մարդ գալիս է և այդ կրիմինալ կուտակված կապիտալը դնում է քաղաքականության մեջ, էլ ազդեցությունը ոնց է լինում», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Ընդգծելով, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին բանտ նստեցնելու, սրտերը հովացնելու, վրեժն առնելու հարցը չի, Զուրաբյանն ասաց՝ իր պահանջը օրենքի նկատմամբ է, Սահմանադրության և ապագայի նկատմամբ է։
«Ես անկեղծ եմ ասում՝ մարդկային առումով ինձ մեկ է ինքը կնստի, չի նստի, ես այդ արյան պահանջը չունեմ՝ նրան կախենք, փրթենք, չգիտեմ մորթենք և այլն, էդ բաները ես սխալ եմ համարում, իմ պահանջն օրենքի նկատմամբ է, սահմանադրության նկատմամբ է և ապագայի նկատմամբ է, որովհետև, եթե Քոչարյանը չդատապարտվի Սահմանադրության ակնհայտ խախտումների համար, սահմանադրական կարգը տապալելու համար, «Մարտի 1»-ն անելու համար, մենք չենք ունենա երբևէ օրենքի երկիր Հայաստան։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի բանտ նստելու կամ դատապարտվելու հարցը դա ոչ թե ինչ-որ անձնական վրիժառության հարց է, այլ Հայաստանի ապագայի կառուցման հարց է, դա դաս է քաղաքական վերնախավին, ապագա կառավարիչներին, որ չի կարելի խախտել Սահմանադրությունը», - ասաց Զուրաբյանը։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Հուլիսի 27-ին Քոչարյանը կալանավորվեց, սակայն երեք օր առաջ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վերացվեց նրա խափանման միջոց կալանքը և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ