Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա, դա թյուրըմբռնում է, «մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում»: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շաբաթ օրը Դիլիջանում պատասխանելով «Ազատության» հարցին՝ «Կոալիցիային մաս կազմող ՀՅ Դաշնակցությունը (ՀՅԴ), ըստ էության, քաղաքական որակեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Հաշվի առնելով, որ իշխանության մաս է, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ»:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը հրաժարվեց հետագա մեկնաբանություններից՝ նշելով․ - «Ես կարծում եմ՝ ավելին ասելու անհրաժեշտություն չկա, ձեր հարցի պատասխանը ես տվեցի»:
«Այսինքն, եթե Դաշնակցությունը գտնում է՝ քաղաքական է, ի՛նքը պետք է դուրս գա կառավարությունից», - լրագրողներից մեկի այս դիտարկմանը Փաշինյանը արձագանքեց․ - «Ես ասացի արդեն»:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, այսօր ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության հայտարարությանը հաջորդած քննադատությանը, ասել է․ - «Մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի և հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն, և որովհետև չէինք ուզում, որ սխալվեն, տեսակետ ենք հայտնում։ Հակառակը, կարծես, մտքի տեռոր է, ոնց որ մտքի տեռոր է տեղի ունենում երկրում։ Այսինքն՝ մտահոգվելու իրավունք է՞լ չունենք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք»:
«Ազատության» խնդրանքով անդրադառնալով Մարգարյանի այս հայտարարությանը՝ վարչապետը ասաց․ - «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի մտահոգվելու իրավունք»:
Դաշնակցական երեք պատգամավորներ միացել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու ստորագրահավաքին։ Հեղափոխությունից հետո իշխանությանը մաս կազմող այս քաղաքական ուժը պաշտոնաթող նախագահի՝ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորումից հետո հայտարարել էր, թե Քոչարյանին և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքները, ինչպես նաև նշանակված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն:
Հայաստանում «օլիգարխիա չկա և չի լինելու»
Այսօր լրագրողների մեկ այլ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պնդեց․ - «Հայաստանի Հանրապետությունում օլիգարխիա չկա և չի լինելու»:
«Օլիգարխիա տերմինը, եկեք ճշտենք՝ ի՞նչ է նշանակում օլիգարխիա․ օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն: Դուք ինչպես տեսնում եք՝ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է շատերի իշխանություն, և շատերի իշխանությունը Հայաստանում շարունակելու է հաստատված մնալ ընդմիշտ: Եվ ես ինձ համարում եմ դրա երաշխավորը», - հայտարարեց վարչապետը:
Վարչապետը հույս ունի՝ Եվրամիության հետ աշխատանքը «արդյունավետ կլինի»
«Ազատություն»-ը այսօր վարչապետին հարց ուղղեց նաև Եվրամիությունից ակնկալվող աջակցության մասին․ - «Ձեր բրյուսելյան այցից հետո շատ է խոսվում, որ Հայաստանը ակնկալում է լուրջ աջակցություն Եվրոպական միությունից, հատկապես ենթակառուցվածքների գծով աջակցություն ֆինանսական այդ թվում: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ, կա՞ն նման ծրագրեր: Ոչ պաշտոնապես շրջանառվում է մինչև մեկ միլիարդ եվրոյի աջակցության հարցը: Խնդրում եմ՝ փոքր-ինչ հստակություն մտցրեք»:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հիմա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը և կառավարության ներկայացուցիչները Եվրամիության ներկայացուցիչների հետ աշխատում են այդ ուղղությամբ, «և հույս ունեմ և տպավորություն ունեմ, որ էդ աշխատանքը կառուցողական է ընթանում»: «Հույս ունենք՝ արդյունավետ կլինի», - ասաց վարչապետը՝ հրաժարվելով կոնկրետ թվեր նշել:
Դիլիջանում լրագրողների հետ վարչապետի զրույցը կարող եք դիտել այստեղ․