Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ-պատշաճ կատարելու հատկանիշներով:
Փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ գործով անգամ կասկածյալներ չկան «բժշկական սխալի փաստի կապակցությամբ»․ - «Ինչն ի սկզբանե նշանակում է, որ նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը արդեն իսկ կասկածի տակ են: Բաց են թողնվել նախաքննության շրջանակներից բազմաթիվ էական հարցեր, որոնց պայմանավորված են եղել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքի կիրառման, կալանավայրում նրա պահման պայմանների ազդեցության և չտրամադրված պատշաճ բուժօգնության․․․ նրա առողջական վիճակի նկատմամբ պատշաճ ուշադրության և առողջական վիճակի հաշվառման հարցերը»:
Եգորյանը պնդմամբ, գործը ձգձգվում է, որպեսզի որևէ մեկի մեղադրանք չառաջադրվի․ - «Մեր ընկալմամբ, քննություն պետք է իրականացվեր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման հեղինակների, այդ միջնորդության հեղինակների, դրանից հետո քրեակատարողական հիմնարկում նրա նկատմամբ դրական պարտավորություններ կրող անձնակազմի գործողությունների, դրանից հետո կալանքի ժամկետի բոլոր երկարաձգումների «հեղինակների» և դրանք բավարարած դատավորների, ինչպես նաև նախաքննության նկատմամբ և դրա վերահսկողություն իրականացնող դատախազի նկատմամբ»:
49-ամա Սարգսյանը, որը ստացել էր Հաց բերող անունը, հիշեցնեմ, մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել վիրահատությունից ժամեր անց՝ սիրտ-անոթային անբավարարության հետևանքով։
Նա, հիշեցնեմ, ազատության մեջ 10 օր ապրեց։ Մինչև ազատ արձակվելը կալանքի տակ էր և շուրջ մեկ ամիս հացադուլի մեջ էր՝ պահանջում էր ազատ արձակել իրեն և հնարավորություն տալ լուծել առողջական խնդիրները։
Սարգսյանը Բեխտերևի հիվանդություն ուներ, ինչի պատճառով դժվար էր տեղաշարժվում։ Նրա փաստաբանները բազմիցս էին հայտարարել, որ այդ վիճակով նրան կալանքի տակ պահելն անթույլատրելի է, մինչդեռ իրավապահները որևէ խնդիր չտեսնելով՝ նրան ազատ չէին արձակում։
Ավելին, նրա մահվանից մեկ ամիս առաջ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե ազատության մեջ հայտնվելով չի բացառվում, որ նա հանցագործություն կատարի։
«Հաց բերողի» փաստաբանները նշում են, որ հարուցված քրեական գործից դուրս են մնացել բոլոր այն անձինք, որոնք որոշում էին կայացրել կալանավորել, ապա կալանքի տակ պահել նրան։
Փաստաբանները պնդում են, որ միայն բժշկական սխալի ուղղությամբ կատարվող քննությունը պատասխան չի տա հարցին, թե ինչու մահացավ «Հաց բերողը»։
Դավիթ Գյուրջյանն ասում է, որ Գլխավոր դատախազությունն անպատասխան է թողել իրենց հաղորդումը, որով պահանջել էին ստուգել «Հաց բերողի» մահվան մեջ մեղավորություն ունեցող պաշտոնյաների առնչությունը նրա մահվան հետ․ - «Հայտնել են, որ մեր կողմից ներկայացված փաստական հանգամանքները չեն պարունակում հանցակազմի տարրեր, դրանք չեն կարող դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում»:
Գյուրջյանը կասկածներ ունի, որ իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի հենց «Հաց բերողը» դառնա սեփական մահվան միակ մեղավորը․ - «Հավանական եմ համարում նաև այն ելքը, որ որևէ մեղադրանք որևէ մեկին չի առաջադրվի: Շատ հնարավոր է «մեղքը» բարդվի հենց Արթուր Սարգսյանի վրա, և նախաքննությունը հետևություն անի, որ հենց Արթուր Սարգսյանն է մեղավոր իրավիճակի բարդացման, իր առողջական խնդիրների սրացման համար, և որևէ բան հնարավոր չէր անել ո՛չ մինչև սրացումը, ո՛չ էլ դրանից հետո»:
Փաստաբանները տարակուսած են․ մահից մեկ տարի անց դեռ Արթուր Սարգսյանը համարվում է մեղադրյալ։ Նա մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ: Մինչև հիմա Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցրել։
ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն կտան առաջիկայում։
Շարունակելով քննադատել իրավապահներին՝ փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարում է, որ անցած մեկ տարում անգամ դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտված չէ։ Առաջին փորձաքննությունը չէր կարողացել պարզել մահվան իրական պատճառը։ Այժմ երկրորդ փորձաքննությունն է ընթանում։
Փաստաբաններն ասացին, որ իրենց թույլ չեն տալիս մասնակցել հանձնաժողովի նիստերին։ Եգորյանը պնդում է, որ այս ամենը կասկածի տակ է դնում հանձնաժողովի գործունեությունն ու դրա՝ հետագայում տրվելիք եզրակացությունը․ - «Մինչ օրս վարույթն իրականացնող մարմինը որևէ տեղեկություն չի հայտնել փորձաքննության ընթացքի մասին, հանձնաժողովի հերթական նիստերի մասին, թեև արդեն երկրորդ նիստի ընթացքում՝ դեռևս 2017 թվականի նոյեմբերի 6-ին քննարկում էին փորձագիտական եզրակացության եզրափակիչ մասի հարցերը»:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։ Իսկ տուժողի իրավահաջորդ Արսեն Սարգսյանի և նրա ներկայացուցիչների կողմից փորձաքննությանը ներկա գտնվելու մասով միջնորդությունը բավարարվել է, և որ նրանք ներկա են գտնվել այդ նիստերին։
Տռուզյանը նաև նշեց, որ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացնի համապատասխան որոշումներ։