Մատչելիության հղումներ

Տիգրան Եգորյանը կբողոքարկի Փաստաբանների պալատի որոշումը


Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը, արխիվ
Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը, արխիվ

Փաստաբան Տիգրան Եգորյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել Փաստաբանների պալատի որոշումը` իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:

Փաստաբանների պալատի խորհուրդը երեկ եզրահանգել է, որ Եգորյանը իր պաշտպանյալին` անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանին բարեխիղճ իրավական օգնություն ցույց չի տվել:

«Հաց բերող» անունով հայտնի դարձած Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։ Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին․ ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին ազատ էր արձակվել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել էր:

Փաստաբանների պալատի խորհուրդը նաև որոշել է, որ հայտնի փաստաբանը կես տարվա ընթացքում պետք է իր միջոցների հաշվին վերապատրաստում անցնի:

«Ի սկզբանե սա կարելի է որակել որպես Արթուր Սարգսյանի գործով Եվրոպական դատարան ներկայացված գանգատի անընդունելությունն ապահովելուն միտված գործողություններ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Եգորյանը` պնդելով, որ Փաստաբանների պալատի իրական նպատակն է` երկել Հայաստանի իշխանությունների դեմքը Եվրադատարանում:

Փաստաբանի դեմ բողոք են ներկայացրել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի ներկայացուցիչները: Նրանք պնդել էին, թե Եգորյանն անգործություն է ցուցաբերել Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու հարցում, նախաքննական մարմնին չի տեղեկացրել այն մասին, որ նա տառապել է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ:

«Հաց բերողի» փաստաբանը, մինչդեռ, շեշտում է` Արթուր Սարգսյանի առաջին կալանքից անմիջապես հետո` 2016-ի օգոստոսին է Բեխտերևի հիվանդության մասին տեղեկանքը ներկայացրել քննիչին, այդ մասին նաև դատարաններում է խոսել, երբ քննվում էր նրան կալանքից ազատ արձակելու հարցը: Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելիս հիմք էր ընդունվել նաև բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի Բեխտերևի հիվանդության աստիճանը թույլ տալիս է նրան պահել կալանավայրում: Գլխավոր դատախազությունը նաև հայտարարել էր, որ 49-ամյա Սարգսյանը ազատության մեջ կարող է նոր հանցագործություն կատարել: Եգրոյանը տարակուսում է` ո՞րն է այս դեպքում իր մեղքը:

«Ի վերջո, եթե ամբողջ խնդիրն այն էր, որ Արթուր Սարգսյանի ունեցած հիվանդությամբ նրան պետք է չկալանավորեին, հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ կալանավորեցին, երբ այդ փորձաքննությունները կատարվեցին», - հիշեցնում է Եգորյանը: - «Հետևաբար` այս արգումենտը ուղղակի դատարկ է»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, աճպարարություն որակելով Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը, նկատում է` սա առաջին դեպքն է, երբ երրորդ անձը փորձում խառնվել փաստաբանի և վստահորդի գործերին: Վարոսյանը սա վատ նախադեպ է համարում:

«Որոշումը իրավական ոչ մի հիմնավորում ունենալ անգամ չի կարող, որովհետև պաշտպանի ու պաշտպանյալի հարաբերությունների մեջ, պաշտպանի ու պաշտպանյալի` միասին ընտրած մարտավարության մեջ երրորդ անձի, ինչ-որ չակերտավոր հիմնադրամների, այլ անձանց` ում դրդել կամ խորհուրդ են տվել ինչ-որ դիմումներ գրել, Փաստաբանների պալատի գործը չէ», - ասում է Վարոսյանը: - «Փաստաբանն ինքն է ընտրում` իր վստահորդի հետ, իր մարտավարությունը, իր անելիք - չանելիքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG