«Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահից հինգ ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, հարուցված քրեական գործով անգամ կասկածյալներ չկան: Ընդ որում՝ փաստաբան Տիգրան Եգորյանը պնդում է, որ ապօրինի է ի սկզբանե բացառապես բժշկական սխալի վրա կենտրոնանալը: Ըստ նրա, իրավապահները պետք է քննեին նաև Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած պաշտոնյաների գործողությունները: Այս մասով փաստաբանների՝ հանցագործության մասին տված հաղորդմանն ընթացք չի տրվել:
«Հենց այդ ուղղությամբ է, որ պետությունը հրաժարվում է որևէ գործողություն կատարել: Պետությունը թքած է ունեցել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի, կյանքի վրա: Արթուր Սարգսյանը գիտակցաբար հասցվել է մի վիճակի, որին հաջորդող իրադարձությունները հանգեցրել են նրա ողբերգական մահվանը»,- «Ազատությանն» ասաց Եգորյանը:
Մասնավորապես, ըստ նրա, իրավապահների ուշադրության կենտրոնում պիտի հայտնվեն դեռևս օգոստոսին Արթուր Սարգսյանին ազատությունից զրկողներն ու հետագայում նրան գործին առնչված պաշտոնյաները՝ դատախազներ, կալավայրերի ղեկավարներ ու դատավորներ:
«Արթուր Սարգսյանը, ունենալով իքս առողջական խնդիրներ, 6 ամիս կալանքի տակ է եղել՝ առանց այդ խնդիրների խորքային ուսումնասիրության, կոնկրետ և արդյունավետ բժշկական օգնության: Իր կենսական ֆունկցիաներ ապահովող օրգանները հասցվել են մի այնպիսի վիճակի, որ երբ նրան անհրաժեշտ է եղել իքս բժշկական միջամտություն՝ վիրահատության տեսքով, նրա կենսաապահովման ամբողջական համակարգն ի վիճակի չի եղել հաղթահարել էդ միջամտությունը: Այսինքն՝ էստեղ ոչ միայն բժշկական միջամտության հարցն է էական, այլև այն, թե այդ միջամտությունից առաջ Սարգսյանն ինչպիսի առողջական վիճակի է հասցվել պետական մարմինների գործողությունների արդյունքում»,- շարունակեց Տիգրան Եգորյանը:
Ամանորի նախօրեին ազատ արձակված Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա Ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ, մեկ ամիս անց նորից հայտնվեց ճաղերի հետևում և երկրորդ անգամ ազատ արձակվեց, երբ արդեն մեկ ամիս հացադուլի մեջ էր ու, ըստ փաստաբանների, ծայրահեղ ծանր վիճակում: Հետագայում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, թե «Հաց բերողը» երկրորդ անգամ ազատազրկվեց, քանի որ կարող էր նոր հանցագործություն կատարել: Փաստաբան Տիգրան Եգորյանը պնդում է՝ «Հաց բերողի» օրինակը վախեցնող է իշխանությունների համար, և դա է նրա հետապնդումների ու հետագայում՝ մահվան պատճառը:
Արթուր Սարգսյանն այսօր կդառնար 49 տարեկան: Նրա հարազատները, ընկերներն ու համակիրները հիշատակի միջոցառումներ են անցկացնում: