Մատչելիության հղումներ

Դատախազությունն ամեն միջոցներով կփորձի հերքել, որ մեղքի բաժին ունի «Հաց բերողի» մահվան մեջ. փաստաբան


«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանի համար պարզ չէ, թե ինչ նկատի ուներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, երբ երեկ հայտարարեց, թե Արթուր Սարգսյանը «կարող էր նոր հանցագործություն կատարել»:

Երեկ գլխավոր դատախազը Ազգային ժողովում՝ ներկայացնելով 2016 թվականի գործունեության մասին հաղորդումը հայտարարեց, թե Արթուր Սարգսյանը կարող էր նոր հանցագործություն կատարել և նաև դա էր պատճառը, որ նա կրկին կալանավորվեց: «Գործով տվյալներ էին ստացվել նաև Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ», - ասաց Դավթյանը։

«Ազատություն». - Պարոն Գյուրջյան, դեռևս այն ժամանակ, երբ Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքը նորից կիրառվեց որպես խափանման միջոց, հիմնավորում ներկայացրե՞լ էր Ձեզ գլխավոր դատախազությունը, թե այդ ի՞նչ տեղեկություններ են, այդ ի՞նչ նոր հանցագործություն կարող էր կատարել Արթուր Սարգսյանը։

Գյուրջյան. - Դա մեզ համար էլ, ճիշտն ասած, մինչև վերջ բացահայտված չմնաց, որովհետև դա ուղղակի փաստերի աղավաղում էր, հետևաբար ինչ-որ կոնկրետ մտադրությունների մասին խոսելն ավելորդ է, մեզ համար էլ պարզ չեղավ, թե ինչի մասին է խոսքը։

«Ազատություն». - Այսինքն՝ դատախազությունը, նախաքննական մարմինը Ձեզ չէ՞ր ներկայացրել, որ Արթուր Սարգսյանը պատրաստվում է այս, այս արարքները կատարել, որոնք դիտարկվում են որպեսզ հանցագործություն։

Գյուրջյան. - Ոչ, որևէ հստակ արարքի մասին խոսք գնալ չէր կարող՝ ներկայացված նյութի հիման վրա։

«Ազատություն». - Այդ դեպքում, ինչո՞վ եք Դուք բացատրում դատախազի հայտարարությունը։ Ինչո՞ւ է գլխավոր դատախազն այս մասին նոր խոսում, բարձրաձայնում։

Գյուջյան. - Ճիշտն ասած, ես երևի ձեռնպահ մնամ այդ մասով մեկնաբանությունից այս պահի դրությամբ, հավանաբար միգուցե նաև մենք ինչ-որ հայտարարություն տարածենք դրա կապակցությամբ։ Այս պահի դրությամբ չեմ ուզում խոսել դրա մասին, թե ինչով էր պայմանավորված կոնկրետ այս նոր ելույթը, դատախազի նոր մեկնաբանություններ, չեմ կարող մեկնաբանել։

«Ազատություն». - Ճի՞շտ եք համարում Արթուր Սարգսյանի մահվանից չորս ամիս հետո խոսել, որ տեղեկություններ ունեին, որ նա կարող էր նոր հանցագործություն կատարել։

Գյուրջյան. - Ընդհանրապես յուրաքանչյուր անգամ, երբ որ դու դատարան ես տանում կալանավորման միջնորդություն, ճիշտ է այդ ժամանակ խոսել և հիմնավորել այդ պահի դրությամբ, թե որ փաստական հանգամանքներով են հիմնավորվում քո կասկածները։ Նրանք չեն հիմնավորել իրենց բերված փաստարկները։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք կարծո՞ւմ եք, որ այս հայտարարությամբ գլխավոր դատախազը փորձում է նախաքննական մարմնից, դատախազության վրայից հանել այդ հնչող մեղադրանքը, որ Արթուր Սարգսյանի մահը նաև նրանց խղճի վրա է։

Գյուրջյան. - Դե, բնականաբար, իհարկե, իրենք ամեն կերպ և ամեն միջոցներով կփորձեն հերքել, որ իրենք որևէ մեղքի բաժին են ունեցել այդ ցավալի ելքի մեջ, զարմանալի չէ։

«Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: 10 օր անց նա մահացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG