Մակյանը Կենտրոնի դատարանից է գործուղվել Էրեբունու ատյան և ստացել այս վարույթը:
Պաշտպաններն այս իրավիճակը համեմատում են բռնապետական ռեժիմներում ստեղծվող «արտակարգ դատարանների» հետ, որոնք քննում են հատուկ գործեր և միայն մեղադրական պատժիչ վճիռներ կայացնում:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հիշեցրեց․ - «Նախքան Ձեզ Էրեբունու դատարան գործուղելու մասին համապատասխան որոշման կայացումը տարբեր զանգվածային լրատվության միջոցներում այդ մասին տեղեկություններ են հայտնվել: Ես գտնում եմ, որ որևէ անաչառ դիտորդի մոտ չի կարող կասկած հարուցել այն հանգամանքը, որ Ձեզ գործուղել են հատկապես այս գործը վարույթ ընդունելու և քննելու համար»:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանը մանրամասնեց՝ նախապես «սցենար է գծված եղել»․ - «Եվ այս ամենը տեղի է ունեցել իշխանական շրջանակներում, և Դուք այս ամենին տեղյակ եք եղել: Սա է մեր կասկածը, որ որևէ կերպ չի փարատվում՝ անկած նրանից, թե ինչպիսի հայտարարություններ եք անում: Դուք այս գործում աչառու եք, և մեր կողմից ներկայացված ինքնաբացարկը հարգեք: Հակառակ դեպքում Դուք ապացուցելու եք, որ Հայաստանում արդարադատություն լինել չի կարող»:
Մեկ այլ պաշտպան՝ Արայիկ Պապիկյանը, տարակուսանք հայտնեց, որ Մակյանը Էրեբունու դատարան է գործուղվել, քանի որ, ըստ պաշտոնական հիմնավորումների, այսպես ընդամենը Էրեբունու դատարանի աշխատանքն են թեթևացրել:
Փաստաբանները հիշեցնում են ծանրաբեռնված է հենց Կենտրոնի, ոչ թե Էրեբունու դատարանը․ - «Ձեզ սույն գործով դատավոր նշանակելը ամենևին էլ պատահականություն չի եղել, և այն փաստերը, որոնք ակնհայտ են, վկայում են, որ դա կոնկրետ արտակարգ դատարանի կարգավիճակով ստեղծված դատարան է»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ամիսներ շարունակ չկարողանալով ավարտել դատական նախապատրաստական փուլը, որոշեց գործը երեք մասի բաժանել, որպեսզի գործընկեր երկու այլ դատավորների հետ քննի:
Այսօր մեղադրող դատախազները փորձեցին պաշտպանել գործը մասնատելու այս որոշումն ու մասնավորապես դատավոր Մեսրոպ Մակյանին․ - «Հնարավոր է նաև, որ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում քրեական գործեր քննող այլ դատավորների նույնպես մակագրվեր այս քրեական գործը, և որևէ կանխակալ վերաբերմունք, բացի այդ օրենքով չստեղծված դատարան, արտակարգ դատարան լինելու հանգամանքը պաշտպանի բերած հիմնավորումներով, առկա չէ: Ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը անհիմն է, դատարանին խնդրում եմ այն մերժել»:
Դատավորը հենց այդպես էլ վարվեց․ մոտ մեկ ժամ անցկացնելով խորհրդակցական սենյակում Մեսրոպ Մակյանը մերժեց միջնորդությունը, բացատրեց, թե ինչու չի հրաժարվում «Սասնա Ծռեր»-ի գործից․ - «Գործուղվել եմ իմ համաձայնությամբ, սակայն՝ ոչ թե կոնկրետ գործի քննություն իրականացնելու, այլ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առաջացած անհամաչափ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով: Ավելին՝ գործուղման պահին սույն քրեական գործը դեռևս գտնվել է նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ այն կարող է անջատվել այլ վարույթում, ավելին՝ համակարգչային բաշխման պատահականության սկզբունքով մակագրվել նախագահող դատավորիս»:
Դատավորը հիմնազուրկ որակեց փաստաբանների պնդումները՝ պնդելով, թե արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ քննություն է անցկացնում:
Մեսրոպ Մակյանն այսօր մերժեց նաև դատախազներին՝ ավելի վաղ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Այս գործով անցնող տարբեր ամբաստանյալներ մեղադրվում են սպանության, ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: