ՊԲ հրամանատար․ Ղարաբաղը շարունակելու է օգտվել պաշտպանվելու իրավունքից

Երեկ երեկոյան կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Վերջին 24 ժամերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ լարումից հետո Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարում է, որ շարունակելու են օգտվել պաշտպանվելու իրավունքից և անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի նախահարձակ գործողություններին թիրախային և անհամարժեք պատասխան են տալու։

«Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ», - հայտարարել է Մնացականյանը:

Երեկ ուշ երեկոյան Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդեց, որ տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերը կեսօրից սկսել են արկակոծել հայկական դիրքերը, իսկ արդեն երեկոյան Ֆիզուլիի ուղղությամբ գտնվող Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից հրթիռակոծել են հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետը։

Դրանից րոպեներ անց Պաշտպանության բանակը պատասխան գործողությունների է անցել և հարվածել Ալխանլու գյուղում գտնվող կրակակետին։ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ չունի, իսկ Ադրբեջանական կողմը ունի կորուստներ։

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ ուշ երեկոյան հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում 50-ամյա կին և 2 տարեկան երեխա է զոհվել, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ հայկական կողմն է առաջինը կրակել, Ղարաբաղի բանակն էլ հակառակը ապացուցելու համար տեսանյութեր է տարածել։

Գեներալ Մնացականյանը հայտարարում է, որ եթե իրականում Ադրբեջանի խաղաղ բնակչության շրջանում կորուստներ են եղել, ապա ստիպված են ափսոսանք հայտնել, բայց շեշտում է․ - «Ադրբեջանը խաղաղ բնակչությանը որպես վահան է օգտագործում և իր կրակակետերը բնակավայրերում է տեղակայում։ Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը և դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ: Ցավալի է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է նաև, որ հայկական կողմը երեք վիրավոր ունի, մինչդեռ Պաշտպանության բանակը դա հերքում է։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գիշերը նույնպես լարված է եղել․ - «Կրակոցներ շատ են եղել, հրետանային միջոցներ են կիրառվել գիշերվա ժամերին: Բանակը, ինչպես ցանկացած պահի, պատրաստ է հակառակորդի ցանկացած ոտնձգության»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շփման գծում իրավիճակը վերահսկելի է։ Նրա խոսքով՝ նոր սրացումների սպասում են, բայց լայնածավալ պատերազմը քիչ հավանական են համարում։

Պաշտոնական Ստեփանակերտը տեղի ունեցողի հետ կապված միջազգային հանրության արձագանքն է ակնկալում։

«Դա շատ կարևոր է: Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը, կիրառում է տարբեր տիպի զինատեսակներ: Ւհարկե պատասխան ստանում է, բայց միջազգային հանրության դեմ է նաև ուղղված այս ամենը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում միջազգային հանրության ջանքերի նկատմամբ», - նշեց Բաբայանը:

Այսօր կեսօրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ արեցին։ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ներկայացնող համանախագահները շեշտում են, որ հակամարտության հանգուցալուծման «միակ պատասխանատու և մարդկային տարբերակը բանակցությունները վերսկսելն է»։

Ժամեր առաջ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթթերում գրել է, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ և ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքները։ Համանախագահների հետ զրուցել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունները այսօր հայտարարություններով են հանդես եկել՝ շեշտելով, որ տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կարևորությունը, և որ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները պետք է կյանքի կոչվեն։