Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ․ Տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կարևորությունը


ԼՂ ԱԳՆ շենքը Ստեփանակերտում
ԼՂ ԱԳՆ շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում երեկ երեկոյան տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է 2016 թվականի մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Այդ մասին այսօր հայտարարում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:

Շփման գծում իրավիճակի կայունացմանը միտված այդ պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը, «որը տորպեդահարվում է Ադրբեջանի կողմից, թույլ կտա հետագայում խուսափել նման միջադեպերից», - շեշտում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված էր պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը։ Ադրբեջանական կողմի սադրած միջադեպի արդյունքում, դժբախտաբար, գյուղի բնակիչների շրջանում կան տուժածներ», - ասված է հայտարարությունում:

«Մենք բազմաթիվ անգամ, դեռևս ապրիլյան ագրեսիայի օրերին, ուշադրություն ենք հրավիրել այն փաստին, որ ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը, չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան՝ Արցախի տարածքը գնդակոծելու նպատակով։ Սահմանի երկու կողմերում ապրող խաղաղ բնակչությունը վաղուց արդեն գերի է դարձել ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանը՝ ուղղված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրմանը և բանակցությունների վերականգման ուղղված միջնորդների ջանքերի տապալմանը», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG