«Եթե հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում իսկապես կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել»,- այս մասին, ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրության, հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում մեկնաբանելով հուլիսի 4-ին շփման գծում ստեղծված իրավիճակը:
«Բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առ այսօր, այնպես էլ այսուհետ, Արցախի զինուժը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալու է թիրախային և անհամարժեք պատասխան»,- նաև հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարարը՝ ադրբեջանական կողմին խորհուրդ տալով զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, «մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»:
Նախարար Մնացականյանը պնդել է նաև, որ ԼՂ բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել, ինչպես նաև երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը: «Մեր հարվածի թիրախը եղել և այսուհետ էլ լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին»,- հայտարարել է Լևոն Մնացականյանը «Ինտերֆաքսի» հետ զրույցում:
Նախօրեին Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերն արկակոծել են հայկական դիրքերը: Մասնավորապես, Ֆիզուլիի ուղղությամբ գտնվող Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից հրթիռակոծել են հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետը։
Դրանից հետո ԼՂ Պաշտպանության բանակը պատասխան գործողությունների է անցել և հարվածել Ալխանլու գյուղում գտնվող կրակակետին։ ՊԲ հաղորդմամբ, այդ գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել, իսկ ադրբեջանական կողմում կորուստներ եղել են: