«Իգլայի» գործով նախաքննությունն ավարտվել է

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը առաջիկա շաբաթներին արդեն կարող է կանգնել դատարանի առջև։ «Իգլայի» աղմկահարույց գործով նախաքննությունն ավարտվել է:

Մոտ երեք ամիս կալանավորված Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։ Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, Արցախի հերոսն այժմ մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ: Հանվել է մաքսանենգության հոդվածը, ինչը, փաստաբանի պարզաբանմամբ, նշանակում է, որ Բաբայանը կապ չունի զենքի ապօրինի ներկրման հետ:

Գործի նյութերն արդեն տրամադրվել են կողմերին, դրանց ծանոթանալու համար Բաբայանն ու նրա փաստաբանը տասն օր ժամանակ են խնդրել։ Մեղադրանքի փոփոխությունից հետո, Սամվել Բաբայանին այժմ առավելագույնը 13 տարվա փոխարեն սպառնում է 11 տարվա ազատազրկում։ Ըստ փաստաբանի, ԼՂ նախկին հրամանատարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Ավետիս Քալաշյանի խոսքով, գործի վերաբերյալ առավել մանրամասն կխոսեն մի քանի օրից, նյութերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո։

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր էր և ձերբակալվել էր մարտի 22-ին, խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ:

Դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ քաղաքական դրդապատճառներից բացի, «Իգլա»-ի գործի հետևում նաև նախագահ Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի՝ անցյալում ունեցած հարաբերություններն են:

«Չեմ ուզում թեթևացնել իմ խոսքը․ ես կարծում եմ, որ սա քաղաքական դրդապատճառ է, ինքը քաղաքական բանտարկյալ է: Բայց եթե ուզում եք իմ անձնական տեսակետը, վերլուծությունը, այն է, որ նաև իրենց անցյալի հետագիծը՝ որպես պաշտոնյաներ, որպես անհատներ, գործիչներ, իրենց դերակատարումը ունեն: Եթե ոչ ժամանակի ընտրության, գոնե նրա հետ, որ ինքը այսքան ամիսներ կալանքի տակ է: Եվ եթե ճիշտ է, այո՛, մեզ մոտ մեկ-մեկ վրեժխնդրությունն է և հիշաչարությունն է, որոնք տանող արժեքներ են և չափանիշներ, և ոչ անպայման Սահմանադրությունը և օերնքը», - ասել էր Հովհաննիսյանը:

Թեև «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը քաղաքական ենթատեքստ է տեսնում Բաբայանի ազատազրկման մեջ, ինքը՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարը նման հայտարարություն առայժմ չի արել:

«Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ևս մեկ անձ է կալանավորված՝ Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը։ Նա այժմ մեղադրվում է միայն ապօրինի զենքի շրջանառության մեջ։ Գաբրիելյանը, ըստ նրա փաստաբան Կարապետ Աղաջանյանի, մասնակիորեն է ընդունում մեղադրանքը․ - «Մասնակի ընդունում ա մեղադրանքը ոչ թե կոնկրետ պահելու զենք, այլ այն անձանց հետ գործի մեջ մտնելու, որոնք որ փաստորեն իր հույսերը չարդարացրեցին: Որովհետև իր նպատակը եղել ա՝ զենք ձեռք բերել մեր բանակի համար, Զինված ուժերը համար: Եվ այդ առումով, լինելով գործարար անձնավորության և նախկինում պատերազմին մասնակցած, ապրիլյան պատերազմին նույնպես եկել-մասնակցել էր, ցանկություն է ունեցել, որպեսզի բանակի համար զենք ձեռք բերի, և՝ օրինական ճանապարհով»:

Այս գործի շրջանակներում Թբիլիսիում ձերբակալվել էր նաև ոմն Ռոբերտ Ա.-ն: Գլխավոր դատախազությունը դիմել էր վրաց գործընկերներին ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու պահանջով։ Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մինչ այս պահը վրացական կողմից որևէ պատասխան չեն ստացել: