Մատչելիության հղումներ

Դատախազությունը Բաբայանի ցուցմունքը մեկնաբանել է այնպես, ինչպես մեղադրանքի կողմին է ձեռք տալիս. փաստաբան


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի հավաստմամբ՝ Բաբայանը չի ընդունում իր մեղքը, իսկ դատախազության տարածած հաղորդագրությունն այս մասին, որ նա ընդունել է առնչությունը զենքի շրջանառությանը, Քալաշյանը համարում է իր պաշտպանյալի տված ցուցմունքի յուրովի մեկնաբանություն։

«Դատախազությունը էդ՝ «որպես կասկածյալ տված ցուցմունքում ընդունել է իր առնչությունը», դա յուրովի է մեկնաբանում, այսինքն՝ մեկնաբանում է այնպես, ինչպես մեղադրանքի կողմին ձեռք է տալիս: Ես, բնականաբար, ծանոթ եմ էդ բոլոր ցուցմունքներին, ու էդտեղ մեղքը ընդունելու մասին խոսք չկա՝ դա դատախազության մեկնաբանությունն է, որ ընդունում է իր առնչությունը կատարված հանցագործությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

«Մենք գործ ունենք կոնկրետ առաջադրված մեղադրանքների հետ, էդ մեղադրանքներում նշված յուրաքանչյուր բառը գործում ձեռք բերված ապացույցներով պետք է ապացուցվի: Օրինակ՝ մեղադրանքներում նշված է, որ կազմակերպել է, պատվիրել է, գին է ինչ-որ բան արել․․․ ոչ մի նման բան չկա, բացարձակ, ոչ մի: Ոչ միայն ինքը չի ընդունում դա, այլև մյուս ապացույցներով էլ չի հիմնավորվում, ավելի ճիշտ՝ տվյալներով չի հիմնավորվում՝ իհարկե, էնքանով, որ նյութերը ներկայացրել են ինձ: Հաստատում եմ, որ չի ընդունում», - ասաց Ավետիս Քալաշյանը:

«Եթե Սամվել Բաբայանը իրեն առաջադրված մեղադրանքի մեջ, այսինքն՝ որպես մեղադրյալ հարցաքննվելիս, էդ արձանագրության մեջ գրել է, որ «առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», էդ ո՞վ է իր փոխարեն իրեն թույլ տալիս, որ ասի՝ Սամվել Բաբայանը ընդունել է իր մեղքը», - ընդգծեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի դատախազությունը այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Իգլա»-ի գործով մեղադրյալները, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, թեև առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում «ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG