Մատչելիության հղումներ

«Իգլա»-ի գործով կալանավորված ազատամարտիկը ևս չի ընդունում մեղադրանքը


Փաստաբան Կարապետ Աղաջանյան
Փաստաբան Կարապետ Աղաջանյան

«Իգլա»-ի գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանը, ով կոչումով փոխգնդապետ է և ավելի քան տասը տարի ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ըստ փաստաբան Կարապետ Աղաջանյանի, չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:

Նշենք, որ Գաբրիելյանը մեղադրվում է նույն հոդվածներով, ինչ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, մասնավորապես՝ նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու, ինչպես նաև պայթուցիկ կամ թունավոր նյութերի մաքսանենգության համար։

«Իմ պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը կարծում եմ, որ հիմնավորված չի, դրա հիմքում որևէ ապացույցներ և պատճառաբանություններ չեն բերված, դա է պատճառը, որ իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղաջանյանը։

Ուշագրավ է, որ ինչպես Սամվել Բաբայանի փաստաբանն, այնպես էլ Գաբրիելյանի պաշտպանը, թեև չեն ընդունում իրենց պաշտպանյալներին ներկայացված մեղադրանքները, սակայն նաև չեն հերքում, որ նրանք ինչ-որ առնչություն ունեն այս պատմության հետ։ Թե ինչ առնչության մասին է խոսքը, առայժմ փաստաբանները չեն մանրամասնում՝ հղում անելով նախաքննության գաղտնիությունը։

Աղաջանյան. - Ես բացառում եմ, որ նա փորձել է անօրինական ճանապարհով ձեռք բերել և ինչ-որ խմբի հետ նախնական համաձայնություն է ունեցել՝ մաքսանենգ ճանապարհով ինչ-որ զենք ներկրել Հայաստան։

«Ազատություն». - Բայց ինչ-որ առնչություն նա ունեցե՞լ է այդ «Իգլա»-ի հետ։

Աղաջանյան. - Չեմ ցանկանում ընդհանրապես այդ առնչության վերաբերյալ խոսել, կասեմ, որ առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չի ունեցել։

«Ազատություն». - Բայց որոշակի առնչություններ ունի, որովհետև Սամվել Բաբայանի փաստաբանը նույնպես նշում էր, որ նա ինչ-որ առնչություն ունի, բայց ոչ այն մեղադրանքի հետ, որը նրան ներկայացվում է։

Աղաջանյան. - Ես, եթե անդրադառնամ այդ առնչությանը, ստիպված պետք է նաև հակափաստարկները նշեմ, որովհետև, հակառակ դեպքում, կարծես՝ ի վնաս իմ պաշտպանյալի կմեկնաբանվի իմ արտահայտածը։

Ի դեպ, «Իգլա»-ի գործով կալանավորված 56-ամյա Սանասար Գաբրիելյանը Սամվել Բաբայանի մարտական ընկերն է, նա նույնպես մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, կռվել է Քարվաճառում (Քելբաջար)։ Ըստ փաստաբանի, 2000-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ պարգևատրվել է «Մարտական Խաչ» շքանշանով:

Հարցին, թե արդյո՞ք նա նույնպես աջակցել է Սեյրան Օհանյանի ղեկավարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքին, ինչպես Սամվել Բաբայանը, փաստաբան Կարապետ Աղաջանյանն ասաց, թե Գաբրիելյանը քաղաքականությամբ չի զբաղվել, Ռուսաստանում փայտի մշակման բիզնես ունի և մոտ երեք ամիս առաջ է Հայաստան ժամանել: Անցած տարի էլ Հայաստան էր եկել ապրիլյան պատերազմին մասնակցելու նպատակով։

Աղաջանյան. - Նա երբեք քաղաքականության մեջ անգամ ցանկություն չի ունեցել որևէ առնչություն ունենալ, և, այդ առումով, ենթադրում եմ, որ պետք է հերքվի քաղաքական նպատակով վերջինիս նկատմամբ հետապնդումներ իրականացնելը։

«Ազատություն». - Նա ՕՐՕ դաշինքի համակիր չէ՞ եղել։

Աղաջանյան. - Ինքը քաղաքական ուղղվածությամբ երբեք չի զբաղվել և որևէ գործողություն այդ առումով չի արել։

Կարապետ Աղաջանյանը տարօրինակ է համարում մամուլում շրջանառվող այն վարկածը, թե ձեռք բերված «Իգլա»-ով հնարվոր էր պաշտոնյայի ուղղաթիռ խոցվեր։ Ըստ փաստաբանի, նման վարկած անգամ քրեական գործում չկա։

Աղաջանյան. - Նման վարկած ընդհանրապես չի քննարկվում այս պահին քրեական գործով, և այդ տվյալները, բնականաբար, կարող եմ ասել, որ չեն համապատասխանում իրականությանը։

«Ազատություն». - Նախաքննական մարմինը պե՞տք է նաև այդ հարցի պատասխանը տա, թե ինչո՞ւ էր փորձ արվում այդ «Իգլա»-ն ձեռք բերել։

Աղաջանյան. - Բնականաբար, պետք է տա։ Ես կասեմ, որ նաև ունի այդ պատճառաբանությունները, բայց ոչ այն է, ինչը որ հրապարակվում է։

«Ազատություն». - Չկա՞ այդ պատճառաբանության մեջ, որ փորձեր էր արվում ուղղաթիռ խոցել՝ կլինի նախագահի, թե՝ այլ պաշտոնյայի։

Աղաջանյան. - Նման վարկած ընդհանրապես գոյություն չունի քրեական գործում։

Նշենք, որ, ըստ փաստաբանի, կալանավորված Սանասար Գաբրիելյանը Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք չի տվել, հարցին, թե մինչև կալանավորվելը վերջին շրջանում նրանք հանդիպե՞լ են, Կարապետ Աղաջանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG