Փոստանջյանը շարունակելու է վիճարկել Երևանի ավագանու ընտրության արդյունքները

Երևանի ավագանու կազմում 5 մանդատ ստացած «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը կշարունակի վիճարկել մայիսի 14-ի ընտրության արդյունքները, բայց այնուամենայնիվ վստահեցնում է, որևէ պարագայում ավագանու իրենց թիմը աշխատանքից չի խուսափի:

«Վաղը մենք դիմելու ենք վարչական դատարան՝ վիճարկելու այս ապօրինի որոշումը: Դրանից հետո ապագա քաղաքական բոլոր գործընթացների վերաբերյալ, այդ թվում նաև քաղաքապետարանի վերաբերյալ, մենք ձեզ տեղյակ կպահենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր գործիչը:

Մինչև վարչական դատարան դիմելը հիվանդանոցից օրերս դուրս գրված Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով քաղաքապետի ընտրության օրը Ավանում տեղի ունեցած միջադեպին, պնդում է, թե ոստիկանությունը համագործակցելով իշխող ուժի հետ կոծկել է հանցագործությունը։ Մայիսի 14-ին դեռ պատգամավորական անձեռնամխելություն ունեցող Փոստանջյանը ասաց, թե իր պարտքն է համարել ընտրակաշառքի ահազանգի հետքերով գնալ այդ շտաբ․ - «Ցավում եմ, ոստիկանությունը այդ լայնամասշտաբ ծանր հանցագործության փաստերը արձանագրելու փոխարեն դրանք պարտակեց: Դեռ ավելին, ովքեր որ մատնանշում էին այդ հանցագործության փաստը և խնդրում էին, որպեսզի դա արձանագրվեր, այդ մարդկանց նկատմամբ կիրառվեց բռնություն և ապօրինություններ»:

«Շտաբում իրավապահները այդպես էլ չուսումնասիրեցին հանցագործության մասին վկայող փաստաթղթերը, փոխարենը ինձ և դստերս բռնությամբ դուրս հանեցին շտաբից», - շարունակեց նա: - «Ոստիկանությունը դրա փոխարեն քո հետ բանակցում է, լրատվամիջոցների ներկայությամբ, մարդկանց ներկայությամբ բանակցում է և ասում է՝ այո, մենք հեսա կբացենք, կարձանագրենք, զննություն կկատարենք: Երբ դու մատնանշում ես այդ մասին, և դա տեղի չի ունենում, սա նշանակում է, որ նրանք կազմակերպված լանյածավալ հանցագործություն են կատարել»:

Փոստանջյանի պնդմամբ՝ իշխող Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավանի շտաբից բացի, կեղծիքների մասին վկայող թղթեր ու ընտրակաշառք ստացողների հերթեր են եղել Հանրապետականի բազմաթիվ այլ շտաբներում: Ընտրությունը, նրա խոսքով, կեղծվել է մասամբ ընտրատեղամասերում, բայց հիմնականում՝ իշխող կուսակցության շտաբներում․ - «Դրան էր ուղղված մեր բոլոր գործողությունները՝ բռնել ընտրագողերին, բռնել բոլոր նրանց, ովքեր խախտել են օրենքը, և այդ կոպիտ խախտումների ներքո կեղծել են ընտրությունները»:

Չնայած քննադատությանը, թե ինչու էր Փոստանջյանը երիտասարդ դստերն իր հետ տարել Հանրապետականի շտաբ և այնտեղ վտանգի ենթարկել, Երևանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածուն հպարտ է, որ 21-ամյա դուստրը՝ Լիլիթ Դրամփյանն իր կողքին է հնարավոր ընտրակեղծիքի հայտանաբերման գործում: Ավելին, կարծում է, որ դուստրը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է մասնակցել քաղաքական գործընթացներին․ - «Իմ երեխան չափահաս է և հատուկ է եկել: Ինքը ուսանում է Ֆրանսիայում միջազգային իրավունք, հետևաբան նա չէր կարող նաև անտարբեր լինել: Քննությունները նախապես հանձնել էր և հատուկ եկել էր, որպեսզի օգներ, որ ես հնարավորություն ունենայի ավելի արդյունավետ իրականացնելու քարոզարշավը: Եթե ինչ-որ մեկը ասում է, որ իրավունք չուներ, կամ ինչու է տարել իր երեխային, ապա ո՞ւմ երեխային պետք է տանեի․․․ իրե՞նց երեխաներին պետք է տանեի․․․ Առաջին գիծ, այո, ես գնում եմ ինքս, առաջին գծում ես եմ լինում և նախընտրում եմ, որ իմ կողքին լինեն իմ հարազատները»:

Ի դեպ, ինչպես տեղեկացանք Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից, ո՛չ Տարոնի Մարգարյանի Ավանի շտապում ոստիկանների քաշքշուկի հետևանքով ուղեղի ցնցում ստացած Լիլիթ Դրամփյանը, ո՛չ էլ Զարուհի Փոստանջյանը անցյալ շաբաթ հարուցված քրեական գործում դեռևս ներգրավված չեն որպես տուժողներ, այլ ունեն վկայի կարգավիճակ:

Զարուհի Փոստանջյանն այս առնչությամբ ասաց․ - «Բացի այն, որ կարգավիճակ չունենք, թե ինչ է որոշում է, ում բողոքի հիման վրա է հարուցվել այդ քրեական գործը և այլն, նաև այն հանցակազմերը, որը ես մատնանշել եմ, մինչ այս պահը այդ որոշման մեջ նույնպես արտացոլված չեն»:

ՀՔԾ-ից «Ազատությանը» հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է Փոստանջյանի՝ հանցագործության մասին հայտարարության հիման վրա, սակայն այսօր այդպես էլ չհստակեցրին, թե արդյոք քրեական գործի երեք հոդվածներից մեկը՝ ընտրական շտաբի աշխատանքի խոչընդոտման հոդվածը Փոստանջյանին է վերաբերում, և արդյոք հնարավոր է նա հայտնվի մեղադրյալի կարգավիճակում։

Այս հոդվածից բացի, քրգործի մյուս հոդվածը վերաբերում է առերևույթ ընտրակաշառք տալուն, երրորդը՝ ոստիկանների կողմից բռնություն կիրառելուն։