Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ «Ես նրանց չեմ ներելու, չեն պատկերացնում ում հետ և ինչ հանգամանքներում գործ ունեն»


Իրավապահները ուժով Զարուհի Փոստնջյանին հեռացնում են Տարոն Մարգարյանի շտաբից, 14-ը մայիսի, 2017թ․
Իրավապահները ուժով Զարուհի Փոստնջյանին հեռացնում են Տարոն Մարգարյանի շտաբից, 14-ը մայիսի, 2017թ․

Հատուկ քննչական ծառայությունը երկու քրեական գործ է հարուցել Երևանի ավագանու ընտրությունների օրն ընտրակաշառքի ահազանգի հետքերով Տարոն Մարգարյանի շտաբ մտած «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպի փաստով: Գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

ՀՔԾ-ից «Ազատությանը» պարզաբանեցին, որ հոդվածներից մեկը վերաբերում է առերևույթ ընտրակաշառք տալուն, երկրորդը ոստիկանների կողմից բռնություն կիրառելուն, երրորդը՝ ընտրական շտաբի աշխատանքները խոչընդոտելուն:

Ժամեր առաջ էլ Փոստանջյանն էր հանցագործության մասին հաղորդում ներկայացրել իրեն ու դստերը քաշքշելով ՀՀԿ շտաբից դուրս հանած ոստիկանների դեմ: «Ազատության» հետ զրույցում Փոստանջյանը պնդեց, որ դեպքից երեք օր է անցել և ինքը ստիպված է դա արել, քանի որ իրավապահները մինչ այսօր գործ չէին հարուցում։

«Ամբողջ մարմինս հարվածներ է ստացել: Ահավոր ցավեր են՝ հատկապես ուսերի և մեջքի շրջանում», - պատմեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը: Լիլիթ Դրամփյանի մոտ էլ, նրա խոսքով՝ գլխապտույտ կա, ձեռքերի շրջանում թմրություն: - «Մի քանի օր էլ պետք է պառկած մնա, որ դուրս գա այդ վիճակից: Ես նրանց չեմ ներելու, չեն պատկերացնում ում հետ և ինչ հանգամանքներում նրանք գործ ունեն», - սպառնաց Փոստանջյանը:

Առաջիկայում Փոստանջյանը մեկ այլ հաղորդում էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մի շարք հանրապետականների դեմ կներկայացնի: Փոստանջյանի խոսքով, Երևանի գործող և ընտրությունների նախնական արդյունքներով վերընտրված Մարգարյանը պետք է հայտնվի բանտախցում:

«Տարոն Մարգարյանի շտաբն է այս հանցագործությունների կազմակերպման վայրը եղել, և նաև իր անմիջական վերահսկողության ներքո է այս ամենը տեղի ունեցել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Փոստանջյանը: - «Այդ թղթապանակը՝ հանցագործության վերաբերյալ փաստերը, անմիջական իր ղեկավարությամբ են կազմվել և տարիներ շարունակ նրա կողմից կատարված յուրացումները, այդ հսկայածավալ հարստությունը, որ նա կուտակել է, դա մեր հանրային միջոցների հաշվին է տեղի ունեցել», - հավելեց նա:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածություն առաջադրած Զարուհի Փոստանջյանը մայիսի 14-ին ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ այցելել էր Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, և պահանջել էր ցույց տալ դրանք, սակայն հանդիպել էր շտաբի աշխատակիցների դիմադրությանը: Միջամտել էր ոստիկանությունը, չնայած Փոստանջյանի պահանջին՝ իր և լրագրողների ներկայությամբ ստուգելու հանցագործության մասին տեղեկությունները, քաղաքապետի թեկնածուին և նրա դստերը ուժով հեռացրել էր շտաբից: Ընդ որում, միջադեպի ընթացքում թե՛ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը, թե՛ նրա դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, վնասվածքներ էին ստացել: Փոստանջյանը և նրա դուստրը արդեն երրորդ օրն է՝ հիվանդանոցում են:

Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ այս բռնությամբ ոստիկանությունը ցույց տվեց, որ պաշտպանում է իշխանությանը: Իշխող կուսակցության անդամները, մասնավորապես Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետականի նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, հայտարարում են, որ Փոստանջյանի պահվածքը հակասում էր օրենքին: «Երկիր Ծիրանի»-ի առաջնորդը շարունակում է պնդել, որ ինքը իրավունք ուներ մտնել Հանրապետականի շտաբ․ - «Մենք գնացել ենք հանրային տարածք, այն էլ գնացել ենք ոչ թե ուղղակի հետաքրքրությունից ելնելով, այլ գնացել ենք ահազանգով»:

Փոստանջյանն ասաց, որ դեռ հիվանդանոցում կմնան, քանի որ բուժման կարիք ունեն։ Պնդում է, որ գործը հասցնելու է մինչև միջազգային ատյաններ։

Փոստանջյանը նաև պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ վերցնելու են արդյոք ավագանու անդամի մանդատները, թե ոչ՝ դեռ պետք է քննարկեն։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ իրավապահները դանդաղում էին, քանի որ Հանրապետականները դեմ էին քրեական գործի հարուցմանը։ - «Շարմազանովը մի քանի անգամ կրկնեց, որ բռնություն տեղի չի ունեցել: Եթե Շարմազանովը ասում է բռնություն տեղի չի ունեցել, այդ ո՞ր իրավապահ մարմինը մեր երկրում կարող է քրեական գործ հարուցել»:

Իրավապաշտպանը կարծում է, որ Փոստանջյանին ուժով դուրս հանելու մասին տեսանյութը լայն տարածում է գտել նաև միջազգային կառույցներում և առաջիկայում նրանք կանդրադառնան միջադեպին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG