Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանին» ունի «խախտումների մասին վկայող հիմնավոր փաստեր»


ԿԸՀ֊ում «Երկիր Ծիրանիի» լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյան
ԿԸՀ֊ում «Երկիր Ծիրանիի» լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյան

ԿԸՀ-ում կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե մայիսի 14-ին տեղի են ունեցել «լայնամասշտաբ խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա»:

Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանին» այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ-ում կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե մայիսի 14-ին տեղի են ունեցել «լայնամասշտաբ խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա»:

Գաբրիելյանը վստահեցրեց, որ իրենց թեկնածուներն ու վստահված անձինք ունեն խախտումների վերաբերյալ վկայող հիմնավոր փաստեր․ - «Սկսած այն բանից, որ արդեն իսկ ընտրված քվեաթերթիկներ են բաժանված եղել նախապես ընտրողներին, որոնք ներս են մտել քվեախցեր, եղել են խախտումներ ընտրակաշառքի ձևով: Լույս 14-ի առավոտ մեր թիմի կողմից մոնիտորինգ է իրականացվել, և Երևանում գտնվող 474 տեղամասերից ուսումնասիրվել են գրեթե բոլոր տեղամասերը, և պարզվել է, որ 40 տոկոս տեղամասերում չհրկիզվող պահարանները, որոնք ի պահ են հանձնված եղել ոստիկաններին, չեն գտնվել տեսախցիկի շառավղում»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռ չի հայտարարել՝ կվերցնի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացած 5 մանդատները: Արմեն Գաբրիելյանի խոսքով, որոշումը պետք է կայացնի կուսակցության գերագույն մարմինը․ - «Դա պետք է բխի ցուցակում ընդգրկված ավագանիների կարծիքը հաշվի առնելով»:

Նրա փոխանցմամբ, Զարուհի Փոստանջյանն ու նրա դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը գտնվում են «Արմենիա» բժշկական կետնրոնում բժիշկների հսկողության տակ: Գաբրիելյանն «Ազատությանը» տեսանյութ է փոխանցել, որտեղ տեսանելի են պատգամավորի ոտքերի, ձեռքերի, ուսի հատվածում եղած կապտուկները: «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Փոստանջյանի դստեր մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել, նա ստացիոնար բուժում է ստանում:

Ընտրությունների օրը ընտրակաշառքի բաժանման ահազանգի հետքերով Փոստանջյանը դստեր հետ մտել էր Երևանի քաղաքապետի Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավանի շտաբերից մեկը: Փոստանջյանի խոսքով՝ նախ ՀՀԿ ներկայացուցիչներն են իրենց նկատմամբ բռնություն գործադրել, ապա նաև՝ իր ահազանգով շտաբ եկած ոստիկանները, որոնք իրենց շտաբից դուրս են բերել հրելով ու քարշ տալով:

Արմեն Գաբրիելյանի խոսքով, երկու օր ոստիկանները չեն այցելել հիվանդանոց՝ լսելու Փոստանջյանին ու նրա դստերը․ - «Այն պարագայում, որ նույնիսկ Լիլիթ Դրամփյանը հայտարարել է, որ բռնի ուժ գործադրելու հետևանքով գլխի հարված է ստացել»:

Փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ տեղի է ունեցել կոպիտ խախտում․ Լիլիթ Դրամփյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ոստիկանները նրանով չեն հետաքրքրվել․ - «Իմ քսան տարվա փաստաբանական պրակտիկայից հայտնի չի մի դեպք, երբ որ ոստիկանությունը անմիջապես մի աշխատակից չուղարկեր, և էդ աշխատակիցը անմիջապես չսկսեր էնտեղ նախևառաջ տուժած անձից, իսկ հետո նաև մնացածներից, ովքեր ականատես կարող են լինել, բացատրություններ վերցնել»:

Ալումյանի կարծիքով, տեղի ունեցածը կարելի է գնահատել ընդհուպ որպես պաշտոնական դիրքի չարաշահում այն ոստիկանների կողմից, ովքեր պարտավոր են հրահանգ տալ հետաքննիչներին՝ կատարելու քննություն․ - «Ինչո՞ւ իրենք էդ հրահանգը չեն տվել: Ես ենթադրում եմ, հենց նրա համար, որովհետև տիկին Փոստանջյանը հայտարարել է, որ էդ բռնություններ կիրառողները և էդ մարմնական վնասվածքներ հավանաբար պատճառողները հենց եղել են ոստիկանները: Եվ հիմա ոստիկանությունը, պետք է ենթադրել, որ փորձում է էնքան ձգձգել, մինչև մարմնական վնասվածքների մի մասը արդեն անհայտանան, և միգուցե նաև փորձելու է ներքին իր լծակներով, զարտուղի ճանապարհներով ազդել փորձագետների վրա, որպեսզի Զարուհի Փոստանջյանի դստերը պատճառված մարմնական վնասվածքների աստիճանը փորձագետները գնահատեն հնարավորին չափ մեղմ»:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ընտրությունների օրը «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում ստացել են, որ իրենց մոտ են տեղափոխվել Զարուհի Փոստանջյանն ու Լիլիթ Դրամփյանը՝ Փոստանջյանը նախաբազուկների սալջարդ, նրա դուստրը՝ գլխուղեղի ցնցում, սալջարդ ախտորոշմամբ: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ավանի ընտրատարածքում։

Նոր Նորքի բաժնում, ըստ ոստիկանության ներկայացուցչի, նյութեր են նախապատրաստվել, կատարվել են դեպքի վայրի զննություն և այլ անհրաժեշտ գործողություններ։ Նյութերն ուղարկվել են դատախազություն:

Աշոտ Ահարոնյանը, այնուհանդերձ, չնշեց, որ ոստիկանները այցելել են հիվանդանոցում գտնվող Փոստանջյանին ու նրա դստերը։ Տեղեկացրեց, որ Հանրապետականի նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպով Ոստիկանապետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր մարմնական վնասվածքներ ստանալու մասին նյութեր չեն ստացել:

Ոստիկանությունից նյութեր են փոխանցվել Փոստանջյանին վերաբերող երկու այլ դեպքերով․ դրանցից մեկի համաձայն, Ավանի շտաբի ներկայացուցիչը հայատարարել է, որ «Երկիր Ծիրանիի» ղեկավարը, առանց թույլտվության, ներխուժել է շտաբ, վնասել գույքը, երկրորդով՝ քաղաքապետի թեկնածու Փոստանջյանն է ահազանգով շտաբ մեկնած ոստիկաններին հայտնել, որ այդ շտաբում ընտրակաշառք է բաժանվել: ՀՔԾ-ն այժմ ուսումնասիրում է քրեական գործ հարուցելու հիմքերը:

ԿԸՀ-ում «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը երեկոյան «Ազատությանը» տեղեկացրեց, որ ՀՔԾ քննիչի որոշմամբ, այսօր Փոստանջյանին և նրա դստերը զննել է դատաբժիշկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG