Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է երկու քրեական գործ


Մայիսի 14-ին Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նշված երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, ԱԺ պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ այցելել էր գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ և պահանջել էր ցույց տալ ցուցակները, սակայն հանդիպել էր շտաբի աշխատակիցների դիմադրությանը:

Միջամտել էր ոստիկանությունը, և չնայած Փոստանջյանի պահանջին՝ իր և լրագրողների ներկայությամբ ստուգելու հանցագործության մասին տեղեկությունները, քաղաքապետի թեկնածուին և նրա դստերը ուժով հեռացրել էր շտաբից: Ընդ որում, միջադեպի ընթացքում թե՛ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը, թե՛ նրա դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, վնասվածքներ էին ստացել: Փոստանջյանը և նրա դուստրը արդեն երրորդ օրն է՝ հիվանդանոցում են:

Իշխող Հանրապետական կուսակցությունը միջադեպի առնչությամբ տարածած հայտարարությունում տեղի ունեցածը գնահատել էր որպես ՀՀԿ շտաբների բնականոն գործունեությունը խոչընդոտելու փորձ և դատապարտել «բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG