Հայաստանցի փորձագետներ․ Թուրքիան «ավելի վտանգավոր ու անկանխատեսելի կդառնա»

Հայաստանյան փորձագետները վստահ են, թե սահմանադրական փոփոխությամբ նախագահ Էրդողանը Թուրքիան միանձնյա կառավարելու հնարավորություն ստացավ, ինչը նրան «ավելի անկանխատեսելի ու վտանգավոր կդարձնի»:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն կարծում է, որ գրեթե բացարձակ իշխանություն ստացած Էրդողանը կսկսի վարել ավելի իսլամամետ, ծայրահեղական քաղաքականություն․ - «Հաշվի առնելով Թուրքայի ավանդույթները, հաշվի առնելով կայսերական անցյալը, հաշվի առնելով Էրդողանի մարդկային հատկությունները, որպես պետական գործչի հատկությունները՝ եղավ այն, ինչ որ սպասվում էր: Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի շրջանին: Վերջին տարիներին մենք տեսնում էին, որ անընդհատ Էրդողանը քայլեր էր ձեռնարկում իր միանձնյա կառավարումը ուժեղացնելու առումով։ Եվ սա, այսպես ասած, օրինականացրեց դա: Նրան պետք է մի այնպիսի Թուրքիա, որ ավելի իսլամամետ քաղաքականություն վարի, այնպիսի Թուրքիա, որն ավելի վճռական արտաքին քաղաքականություն կվարի: Այդ վճռականությունը ես իհարկե մեղմ ասացի․ այն շատ անգամ վերածվում է արկածախնդրության: Նրան պետք է այնպիսի Թուրքիա, որը ավելի իր կողմից հեշտ կառավարվող կլինի: Իմ ընդհանուր գնահատականը այն է, որ նա ըստ էության սանձել է Թուրքիան»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը վստահ է, որ բացարձակ նախագահական կառավարման համակարգում Էրդողանը գրեթե «սուլթանին հավասար» իշխանություն կունենա, ինչը նրան առավել վտանգավոր է դարձնում․ - «Սա միայն անցում չէ կառավարման նախագահական համակարգի: Սա նշանակում է նաև ավելի հզոր նախագահ՝ առանց հաշվետողականության, ով ունի իշխանություն թույլ դատական համակարգի ու մարգինալացած խորհրդարանի նկատմամբ: Այսպիսի մեկ մարդու համակարգն իրապես վտանգավոր է, ինչպես Ստալինի ու Հիտլերի պարագայում»:

Փորձագետի պնդմամբ, իշխանությունն ամրապնդելով Էրդողանը հանդիպելու է Արևմուտքի դատապարտմանը, ինչը Թուրքիան ավելի կմոտեցնի Ռուսաստանին՝ վտանգ ստեղծելով Հայաստանի համար․ - «Մենք պետք է ողջունենք․ բայց հավանաբար նաև զգուշանանք Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավումից, ինչը կարող է առնչվել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Տարածաշրջանային հեռանկարի առումով մենք պետք է վախենանք պատմության կրկնությունից, երբ ռուս-թուրքական համագործակցության արդյունքում մենք կրկին կորուստ կունենանք»:

Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի համար առաջնայինը քրդական պետության ստեղծումը կասեցնելն է, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներում առավել ներգրավումը: Նման պարագայում Սաֆրաստյանը հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություն չի ակնկալում․ - «Հայաստանը աշխարհաքաղաքական առումով, տնտեսական առումով Թուրքիայի համար ներկա պայմաններում առաջնային նշանակություն չունի, դրա համար կարելի է թողնել հարաբերությունները նույն՝ գոյություն չունեցող մակարդակի վրա»:

Սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքներով, երեկ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որով նախագահ Ռեջեփ Էրդողանը ստանում է աննախադեպ լիազորություններ և տեսականորեն մինչև 2029 թվականը նախագահելու հնարավորություն։