Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը գիշերը հայտարարել է, որ երկրի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին։
Նոր Սահմանադրությամբ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստանում է աննախադեպ լիազորություններ և տեսականորեն մինչև 2029 թվականը նախագահելու հնարավորություն։
Դիտորդների գնահատմամբ, պատմական հանրաքվեի արդյունքում Թուրքիան պառլամենտական հանրապետությունից վերածվում է նախագահական հանրապետության։
Ընտրական գերագույն խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Սահմանադրությանը կողմ քվեարկած քաղաքացիների թիվը 1.25 միլիոնով ավելի է, քան դեմ քվեարկածների թիվը։ Այսպիսով Սահմանադրությանը կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51, դեմ՝ 48.6 տոկոսը։ Նշենք, որ Էրդողանը հաղթանակի մասին հայտարարել էր ավելի վաղ՝ չսպասելով պաշտոնական տվյալներին։
Թուրքիայի խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, նախնական տվյալներով, դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին։
«Ընդդիմադիրները մտահոգված են, որ երկիրը կարող է վերածվել ավտորիտար պետության։ Այսօր Թուրքիան ընդունել է պատմական որոշում։ Մեր ժողովրդի հետ մեկտեղ մենք այսօր ընդունել ենք կարևորագույն որոշում», - հանրաքվեից հետո հայտարարել է Էրդողանը։
Թուրքական երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) և Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, մտադիր են բողոքարկել այս հանրաքվեի արդյունքները։ Ընդ որում ԺՀԿ-ն մտադիր է վերանայել ձայների շուրջ 60 տոկոսը։
Թուրքական և միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Դիարբեքիրում քաղաքական վեճի արդյունքում գնդակահարվել է երեք մարդ։