Քաղաքացիները պահանջում են չընդունել նոր հարկատեսակ նախատեսող օրինագիծը

Ցույցի մասնակիցներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«1000 ամոթ» գրությամբ պաստառներով մի քանի քաղաքացիներ այսօր հավաքվել էին Ազգային Ժողովի շենքի դիմաց՝ բողոքելու արդեն խորհրդարանի օրակարգ մտած կառավարության նախագծի դեմ, որով նախատեսվում է զոհված և հաշմանդամություն ստացած զինվորներին փոխհատուցում տրամադրելու նպատակով քաղաքացիներից 1000-ական դրամ գանձել:

«Օրինագծի ընդունման դեպքում դիմելու ենք քաղաքացիական անհնազանդությունների», - հայտարարեց նախաձեռնության անդամ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով իրենց պահանջները․ - «Բյուջետային միջոցներով անհապաղ կյանքի կոչել զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին հատուցում տալու նախաձեռնությունը: Դադարեցնել 1000 դրամի նոր հարկատեսակը․ խորհրդարանից պահանջում ենք միաձայն դեմ քվեարկել նախագծին: Վավերացնել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի՝ պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով: Քրեական գործեր հարուցել ապօրինի հարստացած պաշտոնյաների նկատմամբ»:

Ակցիայի մասնակիցներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը հաշվել է, որ ոչ-պատերազմական պայմաններում զոհված և վիրավորված զինվորներին աջակցելու համար տարեկան պետք է շուրջ 2 միլիարդ դրամ, իսկ դա չմուծված հարկերի չնչին տոկոսն է․ - «Հայաստանի Հանրապետությունում ստվերային տնտեսության ծավալը ամենահամեստ հաշվարկներով 25-30 տոկոսն է համախառն ներքին արդյունքի: Առանձին գնահատականներով՝ 30-35, չնայած իմ համոզմամբ, ավելի մեծ ա: Վերցնենք 300 տոկոսը․ դա կազմում է մոտ 500 միլիարդ դրամ: Այսինքն իմ նշած այդ 2 միլիարդ դրամը կազմում է ստվերային տնտեսության շրջանառության 0.4 տոկոսը: Այսինքն, եթե մեկ տարվա 0.4 տոկոսի չափով ստվերային տնտեսության ծավալը կրճատվի, այս խնդիրը լրիվ լուծվում է․․․ Մարդիկ բացարձակապես չեն ուզում ստվերային տնտեսության ծավալը գոնե 0.4 տոկոսով կրճատեն այս խնդիրը լուծելու համար: Ինչո՞ւ: Որովհետև ստվերային տնտեսության առյուծի բաժինը ընկնում է հենց իրենց վրա, ովքեր դղյակներ են կառուցում, ովքեր մեկ միլիոն դոլարանոց տներ են առնում Ամերիկայում»:

Խնդիրը, նրա պնդմամբ, ոչ թե 1000 դրամն է, այլ այն, որ նոր հարկատեսակով կրկին քաղաքացու գրպանն են մտնում․ - «Դա հարկատեսակ է ըստ էության, լրացուցիչ հարկ է, որը պարտադրված քեզանից վերցնում են: Այն դեպքում, երբ ես իմ հարկային պարտականությունները եկամտահարկի ձևով արդեն վճարում եմ։ Եվ շատ ավելի մեշ տոկոս՝ 23 տոկոս, 25 տոկոս, 26 տոկոս․․․ Դուք սոցիալապես անապահով երեխաներին եք հիմնականում ուղարկում, ասում եք՝ մեր ձեր կյանքի համար կվճարենք: Էս ի՜նչ ցինիկ մոտեցում ա: Եվ հիմա փորձել սա հայրենասիրական տոնայնության տակ անցկացնել, դա հայրենասիրություն հասկացության աղճատումն է բովանդակային տեսակետից»:

Այժմ խորհրդարանում քննարկվող օրինագիծը վերաբերելու է այն զինծառայողներին, ովքեր կտուժեն 2017-ի հունվարի 28-ից հետո։

Ակցիայի մասնակիցներից ազատամարտիկ Մհեր Մազմանյանն անհասկանալի է համարում, թե ինչու են փոխհատուցման ծրագրում ներառել միայն այն զինծառայողներին, որքեր կտուժեն ապագայում այն դեպքում, երբ բազմաթիվ են 90-ականներից ու ապրիլյան պատերազմից հետո աջակցություն կարիք ունեցողները․ - «Մեր հաշմանդամության դասակարգման մեջ ունենք երեք կատեգորիա՝ առաջին, երկրորդ և երրորդ: Չի խոսվում երրորդ խմբի [մասին], չի խոսվում կամավորական մասնակցության դեպքում․ եթե կամավորը զոհվի կամ հաշմարդամ դառնա, նա ի՞նչ կարգավիճակով ա համահավասարացվելու: Էսօր մեր երկրում վճարում ենք Աֆղանստանի պատերազմի մասնակցին ինչ-որ սիմվոլիկ գումար, բայց մեր անկախության տարիների մասնակիցը դրամական որևէ բավարարում չի ստանում»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ընդգծում է՝ նախագիծը նաև անարդարացիորեն համահավասար բեռ է սահմանում քաղաքացիների վրա՝ հաշվի չառնելով նրանց եկամուտները․ - «Էդ հազար դրամը շատերի համար իրապես լուրջ խնդիր ա: Դու վերցնում ես 70 հազարից կամ 60 հազարից հազար դրամ, մի միլիոնից, չորս հարյուր հազարից էլ հազար դրամ»:

«1000 ամոթ» անունը ստացած ակցիայի մասնակիցներն այսօր վստահեցրին, որ առաջիկայում շարունակելու են բողոքի միջոցառումները: