Այսօր կառավարությունը հավանություն տվեց և խորհրդարան ուղարկեց Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջության պատճառված վնասների հատուցման օրենքի նախագիծը:
Օրինագիծը վերաբերում է նրանց, ովքեր կվիրավորվեն կամ կզոհվեն 2017-ի հունվարի 28-ից հետո։
«2016 թվականի ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվող վնասները միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով և բավականաչափ, որպեսզի հոգալ այդ մարդկանց և իրենց ընտանիքների կարիքները, հնարավոր չէ հատուցել, և դրա համար անհրաժեշտ են ֆինանսական լրացուցիչ աղբյուրներ և նոր համակարգ», - նախագիծը ներկայացնելիս ասաց Պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ծրագիրը մշակվել է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, և դրա իրականցման համար կստեղծվի հատուկ, հարկերից ազատված հիմնադրամ։
Վիրավորված զինվորներին տրվող ապահովագրական գումարները կաճեն՝ կախված նրանց հաշմանդամության կարգից և զինվորական կոչումից՝ շարքայինից մինչև սպա։
«Մահվան և առաջին կարգի հաշմանդամության պարագայում նախատեսված է 10 միլիոն դրամ միանվագ վճարում: Երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ 5 միլիոն դրամ միանվագ վճարում: Այնուհետև 20 տարիների ընթացքում աահովագրական վճար: Հիմնադրամի կողմից հատուցումները վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից․ յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամի չափով վճարվող դրամաշնորհային վճարներից», - մանրամասնեց Պաշտպանության նախարարը:
Ըստ նախագծի՝ 20 տարի ամսական 1000 դրամ, կամ, ինչպես գրված է նախագծում, դրոշմանիշային վճար կհավաքվի Հայաստանում աշխատանքային պայմանագիր ունեցող քաղաքացիներից ու ոչ քաղաքացիներից, նաև անհատ ձեռներեցներից։ Նվազագույն աշխատավարձ ստացողների փոխարեն 1000 դրամը դրամը կվճարեն նրանց գործատուները։
Ծրագիրը ներկայցնելիս Վիգեն Սարգսյանը նշեց, որ խորհրդարանի կողմից ընդունման դեպքում կներդրվի հասարակության վստահությունը վայելող համակարգ: Թեև, ինչպես հայտնում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որևէ հանրային լսում գոնե մինչև այս պահը այս հարցով չի կազմակերպվել։
Այդուհանդերձ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ևս կարծում է, որ նախագիծը կարժանանա ամսական գումար վճարողների հավանությանը․ - «Կարծում եմ, հասարակության կողմից ընդունելի մոտեցում է լինելու»:
Արտեմ Ասատրյանը չի կարծում, թե ամսական 1000 դրամ վիրավոր զինծառայողների համար վճարելը կծանրացնի սոցիալական բեռը։
Այդ կարծիքին չէ նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով «Ազատության» հետ զրույցում նշեց, որ խորհուրդը պատրաստվում է քննարկել նախագիծը․ - «Դրանք բոլորը տեմիններ են՝ սոցիալական բեռը, հարկը․․․ Դրանք բոլորը շատ գեղեցիկ բառեր են, որոնք միջազգային ասպարեզում շատ լավ օգտագործվում են: Բայց մենք ապրում ենք մի իրականության մեջ․ պատերազմի ժամանակ մի քանի հազար մարդ զոհվել է, զոհվածների ընտանիքները շատ վատ վիճակում են գտնվում: Իրենց օգնել պետությունը իսկապես չի կարողանում: Պետության սխալն է․ պետությունը պետք է ավելի լավ աշխատեր, տնտեսությունը պետք է զարգանար: Պետք չէր, որ ամեն մեկը «Մերսեդես»-ներով ման գար, պետծառայողը․․․ բոլոր քննադատությունները ընդունում եմ: Բայց դրա հետ [մեկտեղ] մենք հիմա գտնվում ենք այս վիճակում»:
Մանուկյանը, այնուամենայնիվ, նախագիծն անիմաստ է համարում՝ եթե այն չի վերաբերվելու մինչև 2017 թվականը զոհված ու վիրավորված զինծառայողներին․ - «Ի՞նչ, մենք պատրաստվում են էդքան զոհեր ունենա՞լ հունվարի 28-ից հետո․․․ Մենք ունեցել ենք բազմաթիվ զոհեր, և իրենց ընտանիքների մասին է պետք մտածել: Եթե մինչև 2017 թվականի զոհվածներին դա չի վերաբերվելու, դա ուղղակի անիմաստ ես կհամարեմ»:
Անցյալ տարի ապրիլի 2-ին Մատաղիսում վիրավորված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած Դանիել Դավթյանը ևս սխալ է համարում, որ ծրագիրը չի տարածվելու ապրիլյան պատերազմում վիրավորում ստացածների վրա․ - «Իրանք չգիտեն 17 թվին ով կվիրավորվի, ով կմահանա․․․ Իրանք ո՞նց են վստահ խոսում, որ էսինչ թվականին էսքան զոհ կլինի, էսքան վիրավոր կլինի: Ու իրանք ըստ դրա գումար են նշանակում․․․ Դա սխալ ա: Հիմա ապրիլյան դեպքերից ինչքան վիրավոր կա, զոհված կա, առաջինը դրանց վերաբերմունք ցուցաբերեն, հետո նոր մնացածներին»:
Դեռևս գլխում բեկոր ունեցող Դանիելը իր օրինակով գիտի, որ տասնյակ զինվորներ իսկապես օգնության կարիք ունեն․ - «Օգնություն ես չունեմ իրանցից: Ընդհանրապես օգնություն չունեմ»: