Մատչելիության հղումներ

«Պետական մակարդակով թալան». իրավապաշտպանները կտրուկ են արձագանքում ՊՆ նոր ծրագրին


Անկախության տոնին նվիրված զորահանդեսը Հանրապետության հրապարակում, 21-ը սեպտեմբերի, 2016թ.
Անկախության տոնին նվիրված զորահանդեսը Հանրապետության հրապարակում, 21-ը սեպտեմբերի, 2016թ.

Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության նոր ծրագիրը, որը արժանացել է նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանը, առաջիկայում կներկայացվի գործադիր և օրենսդիր մարմինների քննարկմանը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ծրագրով նախատեսվում է 20 տարի շարունակ սոցիալական աջակցություն տրամադրել 2017-ի հունվարի 28-ից հետո մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, ընդ որում, ծրագրի համար միջոցներ կհատկացվեն այդ նպատակով ձևավորված հատուկ հիմնադրամից, որի բյուջեն ձևավորվելու է քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1.000 դրամ գանձելով, ինչպես նաև կամավոր նվիրաբերութուններով։

Ծրագիրը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, ավելին` արժանացել է հանրության որոշ շրջանակների քննադատությանը:

«Ուրեմն դուք ու ձեր հանցագործների մեղքով հարյուրից ավելի զոհեր սահմանին, բազմաթիվ վիրավորներ լինեն, ու հետագայում նման ռիսկերը կարգավորելու համար որոշեք, որ պիտի ինչ-որ ռեկետի գործիքներ ներմուծե՞ք: Սա ավտորիտար ռեժիմին հատուկ վարք է` հանրության հետ չքննարկած», - ասում է իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը` սա պետական մակարդակով թալան է «որակելով»: Իրավապաշտպանը վստահ է` քաղաքացիների գրպանը մտնելու կարիք չկա. - «Ես համարում եմ, որ պետական բյուջեն բավարար ռեսուրսներ ունի այդ կարիքները հոգալու համար: Դրա համար հարկավոր է վերացնել կոռուպցիան, իշխանությունը փոխել, մոնոպոլիաները վերացնել` վերջացավ, հասարակ բան: Բայց դրան ինքը պատրաստ չէ, ինքը որոշում է զոնի, բանտի կանոններով շարժվել: Փող է պետք, «օբշակ» է պետք հավաքել, ասում է` դե բերեք, մարդա հազար բերեք ամսական, հետո մարդա չորս հազար բերեք… հետո՞… էս ձևո՞վ է երկիրը կառավարում: Կառավարածդ երկի՞ր է թե՞ բանտ է, գաղութ է»:

Բարսեղյանն անդրադառնում է այս առիթով երեկ նախագահ Սարգսյանի արած հայտարարությանը, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հանրությունը համախմբվեց ու իր գումարներն ուղղեց զինված ուժերին, և այս ծրագիրը հնարավորություն է տալիս նույն կերպ նվիրաբերություններ անել` հիմա արդեն հատուկ հիմնադրամին։ Մինչդեռ, դա, ինչպես իրավապաշտպանն է, պնդում, կամավոր բարեգործություն անողների անձնական գործն է, և ոչ ոք, այդ թվում և նախագահը, չի կարող որևէ մեկին որևէ բան պարտադրել։

Տարիներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող «Բանակն իրականում» նախաձեռնութան անդամ Զարուհի Հովհաննիսյանը ևս շեշտում է՝ իշխանությունները հասարակության մոտ չունեն այն վստահությունը, որը թույլ կտա անգամ 1,000 դրամ նվիրաբերել նույնիսկ երկրի անվտանգության երաշխավորին։

«Փաստորեն ապրիլյան այդ ամբողջ սրացումից հետևություն արվեց, որ ազգը պատրաստ է մասնակցել, իր ամենասուղ միջոցները ներդնել այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, թե սոցիալապես որքան անապահով խավն է ծառայում բանակում և ովքեր էին զոհվում հենց սահմանագծին», - ասում է ակտիվիստը, - «Հիմա նույն ազգի վրա, նույն քաղաքացիների վրա ծանրացնում են այդ բեռը` չդիտարկելով այն ամբողջ կոռուպցիոն շղթան, որը բերել-հասցրել է հենց պաշտպանության համակարգը այս վիճակին»:

90-ականների սկզբին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ պետությունը պարտավոր է հարստացնել զինծառայողների սոցիալական փաթեթը, բայց այս ծրագիրը նրա մոտ հայտնի «կարմիր գծերի» տպավորությունն է թողել. - «Դա նման է նույն կարմիր գծերին, որովհետև հասարակությանը մենք նոր հարկատեսակ ենք առաջարկում, չբացատրելով, թե ինչպես պետք է այդ հարկատեսակը սպասարկվի, վերահսկվի, կառավարվի և դառնա զինծառայողի համար որպես սոցիալական փաթեթ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG