Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում օրը ցերեկով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին դաժան ծեծի ենթարկողները կմնան անպատիժ։ Ղարաբաղի դատախազությունը կարճել է քրեական գործն ու դադարեցրել քրեական հետապնդումը գործով մեղադրվող 4 քաղաքացիների նկատմամբ։ Ընդդիմադիր գործիչը այսօր է ստացել դատախազության նամակը, սակայն պնդում է՝ այս որոշումը դեռ վաղուց էր հայտնի։
«Բարձրաստիճան պաշտոնյաները չէին թաքցնում, որ որևէ կերպ չեն ուզում, որպեսզի մեղադրյալները պատիժ կրեն, ինչից մենք մի հետևություն ենք անում, որ այս ամբողջ ծեծը, առևանգումը և այլն մշակված է եղել Հանրապետության նախագահի սենյակում, նախագահի համաձայնությամբ, և, բնականաբար, մարդիկ իրենք իրենց չեն պատժելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը:
Քրեական գործի կարճումը դատախազությունը պատճառաբանել է Ղարաբաղի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ, մինչդեռ ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ բռնություն կատարողները չէին ազատվի պատասխանատվությունից, եթե իրավապահները ծանր հանցագործություն համարվող առևանգելու մեղադրանքը չփոխարինեին միջին ծանրության՝ խուլիգանության հոդվածով։ Խանումյանը բողոքարկել էր այս որոշումը, սակայն դատախազությունը մերժել էր դիմումը։
Ստեփանակերտի դատախազությունից առայժմ պարզաբանում ստանալ չհաջողվեց, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն անհիմն որակեց Բակո Սահակյանի հասցեին հնչող մեղադրանքները՝ հիշեցնելով, որ նախագահն ի սկզբանե դատապարտել է միջադեպն ու մտահոգված է եղել Խանումյանի առողջությամբ։
«Որևէ քաղաքական խնդիր չկա, դուք գիտեք, որ համաներումը ընդունված գործընթաց է, ընդհանրապես եղել է միայն վեց համաներում Արցախում: Եվ այստեղ որևէ առանձնակի կամ անձնավորված մոտեցում չկա: Անհիմն են, այդպիսի որևէ քաղաքական պատվեր չի եղել, նամանավանդ, որ նախագահն ինքը չորս անգամ անդրադարձել է այդ խնդրին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը:
Խանումյանի հավաստմամբ, Ստեփանակերտի կենտրոնում՝ ԱԺ շենքի դիմաց, իրեն են մոտեցել 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղը ու այնտեղ մոտ 20 հոգով շարունակել են ծեծը: Թեև Խանումյանը հայտարարել էր, որ ճանաչում է իրեն ծեծի ենթարկողներից շատերին, նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրեց միայն 4 անձի։
Ընդդիմադիր գործչը բռնության էր ենթարկվել հունիսի 6-ին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին Ղարաբաղում մեծ շուքով դիմավորելու և նախագահ Բակո Սահակյանի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու հաջորդ օրը:
«Այսինքն, Արցախում որևէ կերպ չեն կարողանում ակտիվ քայլեր հանդուրժել: Այսինքն, եթե ինչ-որ ձևով քննադատությունը հանդուրժելի է, ապա դրան հաջորդող քայլերը ամբողջովին անհանդուրժելի են, և փոքր-ինչ վտանգ տեսնելու դեպքում իշխանությունները անմիջապես անցնում են ապօրինի միջոցների, անմիջապես անցնում են բռնության», - ասաց Խանումյանը:
«Անհնարին է այստեղ խոսքի ազատությունը [ճնշելը]: Որովհետև ինքը Արցախի հանրապետությունը, ստեղծվել է նաև որպես ժողովրդավարական շարժման արդյունք, և՛ խոսքի ազատության համար ենք մենք պայքարել, և՛ մտքի ազատության, և՛ մեր իրավունքների»« - հակադարձեց Դավիթ Բաբայանը:
Ստեփանակերտի դատախազությունից այսօր պարզաբանում է պահանջել Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ազատության» հետ զրույցում Ղարաբաղի օմբուդսմենն ասաց, թե անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը մեղադրանքի վերաորակման փաստական և իրավական հիմնավորում ներկայացնի․ - «Մենք հրապարակավ կոչ ենք արել դատախազությանը, որպեսզի նրանք հանրության պարզաբանեն, թե ինչպես ստացվեց, որ մեղադրանքը վերաորակվեց: Մենք հատուկ ընդգծել ենք, որ ցանկալի կլինի, որ այդ պարզաբանումը լինի ոչ միայն իրավաբանական հանրության համար հասկանալի ձևով, այլ ավելի լայն հանրության համար հասկանալի ձևով»:
Հայկ Խանումյանը պատրաստվում է բողոքարկել քրեական գործը կարճելու դատախազության որոշումը։