Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ Հայկ Խանումյանին առևանգելու փաստով


Հայկ Խանումյանը հիվանդանոցում, 6-ը հունիսի, 2016թ.
Հայկ Խանումյանը հիվանդանոցում, 6-ը հունիսի, 2016թ.

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ Ղարաբաղի Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) հատկանիշներով, «Ազատության»-ը փոխանցեց Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը։

Գործը հարուցվել է Հայկ Խանումյանի կնոջ՝ Դիանա Մովսիսյանի հաղորդման հիման վրա։ Մովսիսյանը երեկ ոստիկանությանը հայտնել է, որ անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն:

Ֆելիքս Հարությունյանը տեղեկացրեց, որ ձևավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարևոր գործերով քննության բաժնի և նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները:

Հարցին, թե կա՞ն մեղադրյալներ կամ կասկածյալներ, Հարությունյանը պատասխանեց, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն կարող հրապարակել:

Հիշեցնենք, երեկ ծեծի ենթարկված Խանումյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից 7-ին: Այս մասին պատգամավորը գրառում էր արել նաև իր ֆեյսբուքյան էջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG