Մատչելիության հղումներ

Խանումյան․ Մնում է պարզել ո՞ր պաշտոնյաների իմացությամբ կամ մասնակցությամբ է տեղի ունեցել


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ով երկուշաբթի օրը ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից, հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

«Ազատություն»․ - Պարո՛ն Խանումյան, արդեն իսկ կան ձերբակալվածներ Ձեր գործով, անուններ են հրապարակվել: Դուք ճանաչո՞ւմ եք նրանց:

Խանումյան․ - Ինձ ծեծի են ենթարկել երկու տասնյակի չափ անձինք, իսկ այդ երկու հոգու անունները ոչինչ չեն ասում ինձ: Մինչև հիմա չեմ առերեսվել, որ առերեսվեմ՝ միգուցե ճանաչեմ: Քննչական գործողություններ են ընթանում, հույս ունենամ՝ նոր ձերբակալություններ կլինեն և հանցագործների ամբողջ շրջանակը կբացահայտվի:

«Ազատություն»․ - Հաղորդագրության մեջ նշված էր, որ նրանք աշխարհազորայիններ են: Ձեզ ծեծի ենթարկողները բոլո՞րն էին զինվորական շորերով:

Խանումյան․ - Չէ, նաև կային քաղաքացիական հագուստով անձինք: Կային նաև զինվորական հագուստով անձինք, բայց ոչ բանակի համազգեստով: Ենթադրում եմ, որ պահեստազորայիններ են:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք գնահատում քննության ընթացքը:

Խանումյան․ - Չեմ ուզում գնահատականներ տալ՝ չվնասելու համար քննությանը, բայց պետք է նկատել, որ կան տեսանյութեր, կան մեքենաների համարներ, և կարծում եմ՝ քննչական խումբը ավելի մեծ հնարավորություններ ունի ձեռքի տակ՝ ավելի շատ կասկածյալների հայտնաբերելու և ձերբակալելու համար:

«Ազատություն»․ - Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ առանց իշխանությունների իմացության, մասնակցության կամ կազմակերպման հնարավոր չէր, որ այս ծեծը տեղի ունենար:

Խանումյան․ - Այո, կարծում եմ դա այդպես է, որովհետև օրը ցերեկով Ազգային ժողովի դիմացից ոչ մի խումբ, ոչ մի շրջանակ Արցախում ռիսկ չէր անի նման քայլի դիմել: Մնում է հաջորդ հարցը՝ պարզել՝ ո՞ր պաշտոնյաների իմացությամբ կամ մասնակցությամբ է տեղի ունեցել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ որոշակի պաշտոնատար անձինք մասնակից են այս ամենի կազմակերպմանը:

«Ազատություն»․ - Իսկ ո՞ր պաշտոնյաների մասին է խոսքը:

Խանումյան․ - Քանի որ կասկածներ են՝ դրա մասին չեմ արտահայտվի:

«Ազատություն»․ - Բայց որ իշխանությունը ներգրավված է այս ծեծի կազմակերպման մեջ՝ Դուք վստահ եք միանշանակ:

Խանումյան․ - Որոշակի պաշտոնյաներ՝ վստահ եմ: Եվ իշխանության պաշտոնական ներկայացուցիչների սկզբնական մեկնաբանությունները նաև մղում են այն մտքի, որ ամենաբարձր մակարդակով նախօրոք տեղեկացված են եղել, սակայն հետագայում այդ իրավիճակը մի քիչ փոխվեց, քանի որ նախագահը զանգահարեց․․․

«Ազատություն»․ - Ի՞նչ էր ասում, ասում էր, որ որևէ կապ չունի՞ այս ամենի հետ:

Խանումյան․ - Չէ, երկու օր առաջ էր զանգահարել, առողջություն է մաղթել և հավաստիացրել, որ բոլոր հանցագործները պետք է պատժվեն, և ասել, որ տեղում չի, մի քանի օրից կայցելի Արցախ:

«Ազատություն»․ - Գալու է Ձեզ հետ հանդիպելո՞ւ:

Խանումյան․ - Այո, նաև ասել է, որ կտեսակցի Արցախ այցելելուց հետո:

«Ազատություն»․ - Իսկ նա փորձե՞ց Ձեզ համոզել, որ որևէ կապ չունի այդ ծեծի հետ:

Խանումյան․ - Ես կարծում եմ՝ այդպիսի խնդիր դրված չէր: Ընդամենը առողջություն մաղթեց և հավաստիացրեց, որ հանցագործությունը ամբողջ ծավալով բացահայտվելու է:

«Ազատություն»․ - Դուք հավատո՞ւմ եք Բակո Սահակյանին:

Խանումյան․ - Հավատալ - չհավատալու խնդիր չկա: Կա քննություն, կտեսնենք քննությունն ինչպես է ընթանալու, և արդյունքները ցույց կտան այդ ամեն ինչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG