Տարոն Սանասարյան․ Դավիթը մտածում է իր և մյուսների երեխաների ապագայի մասին

Արդեն ավելի քան 10 օր ճաղերի հետևում փակված ընդդիմադիր «ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: Նրա հոր խոսքով՝ կալանավորումից օրեր առաջ դաժան բռնության ենթարկված Սանասարյանը չէր հասցրել անգամ ապաքինվել։

Օրեր շարունակ ունեցած գանգատներից հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ Սանասարյանը, այնուամենյանիվ, բժշկական որոշ ստուգումների ենթարկվել է, որոնք, ըստ Տարոն Սանասարյանի, բավարար չեն․ - «Ե՛վ հետազոտությունների, և՛ լուրջ բուժման կարիք ունի ինքը: Տասը րոպե գիտակցությունը կորցրած, ուղեղի ցնցումով, նրանք շարունակել են ծեծել, որից հետո օմոնի գնդում հանել են մեքենայից, գցել են ասֆալտի վրա ու սկսել են էլի գլխին տալ»:

«Ժառանգության» ներկայացուցիչներ Դավիթ Սանասարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին և «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են հուլիսի 29-ի երթից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ: Նրանց թույլ չեն տալիս հանդիպել հարազատներին, անգամ՝ անչափահաս երեխաներին։

«Դավիթը ասեց՝ երեխաներին էլ բերեք, կարող ա սենյակ հատկացնեն, երեխաների հետ շփվել լինի, բայց բերեցին, ցույց տվեցին հրամանը, որ արգելված է: Տեսակցություն չեղավ: Մենակ հաց ենք ուղարկել իրան», - ասաց Սանասարյանի հայրը:

Արմեն Մարտիոսյանի պաշտպան Գարիկ Մալխասյանի խոսքով, այս արգելանքը կիրառվում է քննիչների կամայական որոշմամբ․ - «Այսինքն քննության շահից ելնելով, մի դեպքում որոշում են նույն հանգամանքներով, որ պետք է արգելեն տեսակցությունները, մի դեպքում որոշում են, որ ոչ: Ամեն դեպքում հայեցողական է»:

Հուլիս 29-ի գիշերը կալանավորված 4 ընդդիմադիրների փաստաբաններն արդեն բողոքարկել են կալանավորման որոշումները, մի մասը՝ նաև հանդիպումների արգելանքը։ Սպասում են, որ մինչև շաբաթավերջ Վերաքննիչ դատարանը կքննի այդ բողոքները։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պաշտպանի խոսքով, մեղադրանքի հիմքում դրված երկու ոստիկանների ցուցմունքները բավարար չեն իր պաշտպանյալին և մյուսներին զանգվածային անկարգություն կազմակերպելու մեջ մեղադրելու համար։ Ըստ Մալխասյանի, չնայած առկա են Սարի թաղի բողոքի ակցիայի բազմաթիվ տեսագրություններ, նախաքննական մարմինը մեղադրանքն առաջադրելիս չի օգտվել դրանցից որևէ մեկից՝ բավարարվելով միայն ոստիկանների խոսքով․ - «Այդ տեսանյութերը ամբողջովին հասանելի են համացանցում: Համոզված եմ, որ վարույթն իրականացնող մարմինն էլ ունի էդ տեսանյութերը: Հետևաբար այստեղ իրականում խնդիր է առաջանում՝ ինչքանո՞վ են այդ ոստիկանների ցուցմունքները ավելի բարձր ապացուցողական շեմով օժտվում այն դեպքում, երբ որ դրան հակառակ տեսանյութ կա, որը, կարծում եմ, որ ավելի օբյեկտիվ է»:

Մեղադրանքը չընդունող ընդդիմադիրները դատարանում հայտարարել են, որ իրենք ենթարկվում են քաղաքական հալածանքի։

Մասնավորապես, Դավիթ Սանսարայանի հոր խոսքով, իր որդուն հավանաբար փորձում են հետ պահել քաղաքական ակտիվությանից, ինչը անտեղի է․ - «Եթե էսօր թողեն, Դավիթը նորից հրապարակ ա դուրս գալու․․․ Ես ասում եմ՝ տղա ջան, քո երեխաները մեղք են, քեզ կարոտում են, ինչ-որ բան են իմանում, լացում են, իրանց մասին մտածի: Ասում ա՝ ես իրանց մասին եմ մտածում, բա ի՞նչ եմ անում: Այսինքն ինքը մտածում ա իրա երեխաների ապագայի մասին, նաև մյուսների երեխաների ապագայի մասին»:

Ընդդիմադիրներ Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին, և Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու պահանջով մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք են սկսել: Ըստ նախաձեռնող խմբի անդամ Արուսյակ Հայրապետյանի, իրենց պահանջին արդեն միացել է 3 հազար հոգի:

«Դիմելու ենք բոլոր հնարավոր ատյաններին», - «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Հայրապետյանը:

Նրա խոսքով, քաղաքական որևէ ուժ ստորագրահավաքին դեռևս չի միացել։

Մենք փորձեցինք կապ հաստատել խորհրդարական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների հետ: Ողջ օրվա ընթացքում մեծ մասը պարզապես չպատասխանեց հեռախոսազանգերին: Հայ ազգային կոնգրեսից ասացին, որ ազատազրկվածների հարցին կանդրառնան ավելի ուշ։