Մատչելիության հղումներ

Փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալները ենթարկվում են քաղաքական հետապնդման


Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով երեկ կալանավորված քաղաքական գործիչների պաշտպաններն այսօր հայտարարեցին, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված գործիչների նկատմամբ տեղի է ունենում ոչ թե իրավական, այլ քաղաքական հետապնդում:

Փաստաբանների պնդմամբ՝ այդ հետապնդումը նպատակ ունի թույլ չտալ, որպեսզի նրանք բողոքի միջոցառումներ կազմակերպեն:

«Քննչական մարմինները այսօր շարունակում են նույն մարտիմեկյան ձեռագիրը, քաղբանտկյալների նկատմամբ մեղադրանքներն առաջադրվում են նույն սկզբունքով», - ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Ցավոք սրտի, այստեղ արդեն քաղաքական գնահատականներն ա գնում ու քաղաքական ենթատեքստն ա երևում: Իրավաբանությունն այստեղ արդեն հետին պլանում է մնացել», - հավելեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պնդեց․ - «Էսպիսի մեղադրանքները ուղղակի մեկ նպատակ ունեն, որպեսզի նրանք չշարունակեն հավաքներ կազմակերպել և այլն: Հիմա համատարած մենք գնացել ենք 10 տարի հետ․ որևէ նյութ դատավորները չեն էլ ցանկանում պահանջել, կարևոր էլ չի, թե ինչ նյութ ա ներկայացվել դատարան, կարևոր չի ինչ մեղադրանք ա․․․ դատավորները հաստատում են անօրինական, հանցավոր էս որոշումները»:

Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասում է, որ կալանավորման հիմքում դրվել են միայն ոստիկանների ցուցմունքները, որևէ այլ ապացույց չի ներկայացվել․ - «Հիմնավորումները նույնիսկ ոստիկանների ցուցմունքներով չկային, հակասում էին մեղադրանքին: Հակառակ դրան, մենք ներկայացրեցինք տեսանյութեր, որոնք ակնհայտ ցույց էին տալիս ոստիկանների ապօրինի գործողությունները, ցույց էին տալիս, որ Արմեն Մարտիրոսյանը կոչ է անում, որպեսզի ժողովուրդը չիջնի ներքև, գնդի կողմ, նաև կոչ է անում, որ բախումներ չլինեն»:

Ապացույցների բացակայության մասին է բարձրաձայնում նաև «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը՝ նշելով, որ Սանասարյանը ձերբակալվել է հիվանդանոցից և հիմա էլ մտահոգիչ առողջական խնդիրներ ունի․ - «Իրենք հորդորում են ոստիկաններին չխփել, քարեր չնետել, հանգիստ լինել, այսինքն ամեն ինչ տանում են դեպի խաղաղ կարգավորում, սակայն հանկարծ չգիտես ինչու ոստիկանները ցույցմունք են տալիս, որ իրանք են հրահրում, բորբոքում հանրությանը, որ քարեր հավաքեն, չգիտեմ ինչ անեն: Բա մի հատ տեսանյութ ներկայացրեք: Ինչո՞ւ եք միայն ոստիկանների ցուցմունքները ներկայացնում»:

«Ժառանգություն» կուսակցության նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երկու ոստիկանների ցուցմունքի հիման վրա մեղադրվում է ոստիկանների ուղղությամբ քար նետելու համար: Նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը հիշեցնում է, որ միջազգային կառույցները բազմիցս դատապարտել են Հայաստանին՝ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրանքներ ներկայացնելու համար․ - «Եթե տեղի է ունեցել էդպիսի միջադեպ, ո՞ւր են անկողմնակալ վկաները: Չէ՞ որ եվրոպական նույն կառույցները մեզ պատժեցին նրա համար, որ մեր նախկին, 2009 թվականի բոլոր քրեական գործերը ուղեկցվում էին նույն ոստիկանների ցուցմունքներով, և դա արժանահավատ չի»:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ զինված խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորված իր պաշտպանյալին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Ըստ Հայրապետյանի, Եղնուկյանը մեղադրվում է 4 դրվագով․ նրա համար, որ ձգտել է «Սասնա ծռեր» զինված խմբին դրսից ռադիոկապ ապահովել, ինչպես նաև տեղեկություններ է հրապարակել ոստիկանական զինտեխնիկայի շարժի և իրավապահների տրամադրված սննդի հետևանքով զինված խմբի անդմաների թունավորման մասին, ինչպես նաև փորձել է Ազատության հրապարակում հավաքի մասնակիցներին գնդի մոտակա տարածք տեղափոխել․ - «Մեր օրենսդրությամբ օժանդակություն համարվում է ոչ թե անձանց աջակցելը, այլ հանցագործությանը աջակցելը: Եթե զինված խնբի անձանց աջակցում է, սա հանցագործություն չի: Հանցագործությանը պետք է աջակցեն, այսինքն պետք է աջակցեն իրենց ասած պատանդներ պահելուն կամ շենք, շինությունները զենքով զավթելուն․․․ այ դրան պիտի աջակցեն: Իսկ եթե էդ խմբի անդամներից որևէ մեկին աջակցում են՝ ենթադրենք, ուտելիք են տեղափոխում, ինչ-որ կապ են ապահովում, սա հանցագործություն չի կարող համարվել»:

Բոլոր փաստաբաններն էլ ասացին, որ բողոքարկելու են կալանավորումների որոշումները՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան:

XS
SM
MD
LG